AM
20 Հուլիս 2015 - 08:51 AMT

Հայ դպրոցականները Դանիայի օլիմպիադայում 2 արծաթ ու 1 ոսկի են նվաճել

Հայաստանի 4 դպրոցական, Դանիայում մասնակցելով կենսաբանության միջազգային աշակերտական օլիմպիադային, նվաճել են 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ Հայաստանի 2015-ի օլիմպիական մեդալների ընդհանուր թիվը հասցնելով 14-ի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Ավելի վաղ Հայաստանի դպրոցականների մաթեմատիկայի հավաքականը Թաիլանդում միջազգային առարկայական օլիմպիադայում նվաճել էին 1 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ թիմի բոլոր աշակերտներն էին դարձել մեդալակիր: Իսկ Հնդկաստանի Մումբայ քաղաքում ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում դպրոցականները նվաճել են 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ:

Թիմային արդյունքներով Թաիլանդի և Հնդկաստանի օլիմպիադաներում Հայաստանի ցուցանիշները գերազանցում են հարևան երկրների արդյունքները: Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցն օլիմպիադայում նվաճած մեդալների քանակով գերազանցել է հարևաններ Վրաստանին ու Ադրբեջանին՝ միասին:

Առջևում դեռ ինֆորմատիկայի և աշխարհագրության օլիմպիադաներն են:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հունիսի 16-ին հայտարարել է, որ հայ դպրոցականները չեն մասնակցի հուլիսի 20-29-ը Բաքվում կայանալիք՝ քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադային, քանի որ Բաքուն այդպես էլ համապատասխան քաղաքական կամք չդրսևորեց, և հայ դպրոցականների օլիմպիական թիմը անվտանգության պետական երաշխիքներ չստացավ:

Չնայած, կարևորելով աշակերտների մասնակցությունը միջազգային առարկայական օլիմպիադաներին, հայկական կողմը պատրաստակամություն էր հայտնել մասնակցել Բաքվի օլիմպիադային: Լայնածավալ աշխատանքներ էին իրականացվել ազգային հավաքականի նախապատրաստման ուղղությամբ: Հայտարարվել էր նաև, որ Հայաստանի ազգային հավաքականին Բաքու կուղեկցի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, բայց Ադրբեջանի իշխանությունը ջանքեր չի խնայում՝ Հայաստանը միջազգային գործընթացներից մեկուսացնելու համար, անտեսելով միջազգային հանրության կարծիքը, տասնամյակներ ձգվող տնտեսական շրջափակումը և քաղաքական հակասությունները տարածելում նաև հումանիտար ոլորտում, մերժողական դիրքորոշում ցուցաբերելով հայկական կողմի կառուցողական նախաձեռնություններին: