ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի որոշմամբ ստեղծվել է Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ մասնագիտական կարծիք ներկայացնող ՀՀ փաստաբանների պալատի աշխատանքային խումբ:
Աշխատանքային խումբը կազմավորվել է փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալից (համակարգողից) և 12 գիտնական փաստաբանից:
Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ փաստաբանների պալատի մասնագիտական հանձնաժողովի նպատակը ՓՊ կարծիքների ու դիրքորոշման մշակումն է և դրա ներկայացումը ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին և / կամ Ազգային ժողովին:
«Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) փորձագետների հետ քննարկումների արդյունքում ՀՀ-ում Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հուլիսի 10-ի, 13-ի, 14-ի և 15-ի հերթական նիստերի ընթացքում լրամշակել է ՀՀ սահմանադրության 1-7-րդ գլուխը:Սահմանադրության նշված գլուխների 52-էջանոց նախագծի նախնական տարբերակը հրապարակվել է հանրային քննարկումների համար՝ տեղադրվելով ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում: Սահմանադրության 1-7-րդ գլուխը վերաբերվում է սահմանադրական կարգի հիմունքներին, մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին, հանրապետության նախագահին, ազգային ժողովին, կառավարությանը, դատական իշխանությանը և տեղական ինքնակառավարմանը:
Հանձնաժողովի գործունեության ընդհանուր նպատակն է օժանդակել ՀՀ կայացմանն ու զարգացմանը որպես իրավական և ժողովրդավարական պետություն, նպաստել մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը, աջակցել դատաիրավական բարեփոխումներին, աջակցել փաստաբանական ինստիտուտի զարգացմանը, փաստաբանի դերի հեղինակության բարձրացմանը:





