ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 11-ի նիստում քննարկվել է «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է ինտերնետային շահումով խաղերի լիցենզավորման եղանակը բարդացնել և այդ իսկ ճանապարհով դրանց վրա սահմանել բարձր վերահսկողություն:
Լիցենզավորման բարդացումը, ըստ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի, հանգեցնելու է ոլորտում մենաշնորհի հաստատման, քանի որ անհրաժեշտ պահանջները անհնարին են դարձնում լիցենզավորումը:
«Առաջարկում ենք ինտերնետային շահումով խաղերի կազմակերպման պարզ լիցենզավորման գործընթացը տեղափոխել բարդ լիցենզավորման դաշտ», – ասել է հիմնական զեկուցող Միրումյանը, մեջբերում է Tert.am-ը:
Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը պատգամավորից հետաքրքրվել է, թե ի՞նչ նպատակ ունի տեղական ինտերնետային շահումով խաղերի լիցենզավորումը բարդացնել, երբ գոյություն ունեն արտասահմանյան նման ինտերնետային կայքեր, որոնք Հայաստանի համար հասանելի են:
«Ես կողմնակից եմ, որ կամ լրիվ բացենք, կամ փակենք, կիսատ-պռատը լուծումը լավ չէ», – ասել է նա:
Միրումյանը համաձայնել է, թե օտարերկրյա կայքերի վերահսկողությունը դժվար է: Այս համատեքստում նա հայտնել է, որ օտար կայքերի վերաբերյալ նախարարությունում տարվում են քննարկումներ, ընդհուպ մինչև դրանց գործունությունը Հայաստանում սահմանափակելու մասով:
Փոխնախարարը հայտնել է, որ բարդ ընթացակարգը ներառում է եկամուտների աղբյուրի մասին համապատասխան տեղեկանք, նախկինում դատվածություն չունենալու մասին վկայություն և մի շարք այլ փաստաթղթեր, որոնք, ըստ Այվազյանի, գրեթե անհնարին են դարձնում ինտերնետային շահումով խաղի համար լիցենզիա ստանալու կարգը:
«Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքը ընդունվել է 2003-ին: Օրենքը կարգավորում է շահումով խաղերի, խաղատների գործունեության կազմակերպման եւ կարգավորման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանում է դրանց նկատմամբ պետական վերահսկողությունը: Օրենքի գործողությունը չի տարածվում հեռահաղորդակցության որեւէ կապի միջոցով շահումով խաղերի կազմակերպման գործունեության վրա: Շախմատ, շաշկի, նարդի, տիր, բիլիարդ եւ նմանատիպ սպորտային բնույթի խաղերը շահումով խաղ չեն հանդիսանում, բացառությամբ թղթախաղերի տեսակների։
ՀՀ կառավարությունը ապրիլին հավանություն տվեց «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու փաթեթին: Համաձայն փոփոխության, պետք է կարգավորվի ինտերնետային շահումով խաղերի դաշտը: Նախագծով նախատեսված երկու փոփոխություններից մեկը վերաբերում է ինտերնետային շահումով խաղերի գովազդին:Երկրորդ փոփոխությունը վերաբերում է ինտերնետային շահումով խաղերի պարզ լիցենզավորման գործընթացը բարդացնելուն:





