AM
26 Հոկտեմբեր 2006 - 13:10 AMT

ՄԱԿ-ում «սառեցված հակամարտությունների» վերաբերյալ ՎՈՒԱՄ-ի նախաձեռնության քննարկումները կկայանան դեկտեմբերի 4-ին

ՎՈՒԱՄ-ի տարածքում «սառեցված հակամարտությունների» քննարկումները ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում կկայանան դեկտեմբերի 4-ին: «Եթե Հայաստանն իրոք ցանկություն ունի ապացուցելու, որ նա անտարբեր չի մեր տարածաշրջանում կատարվող իրադարձությունների նկատմամբ, ապա պաշտոնական Երեւանի ներկայացուցիչները պետք է մասնակցեն ՎՈՒԱՄ տարածքում «սառեցված հակամարտությունների» քննարկմանը` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 61-րդ նստաշրջանի շրջանակներում»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության եւ մամուլի բաժնի ղեկավար Տաիր Թաղիզադեն: Նրա խոսքերով, վերջին տեղեկատվության համաձայն, քննարկումները Նյու-Յորքում պետք է կայանան դեկտեմբերի 4-ին: Ինչպես նշում են Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչությունում, ենթադրվում է, որ քննարկումների հիման վրա բանաձեւ կընդունվի: Տվյալ փուլում ԱՀ ԱԳՆ-ն, Թաղիզադեի տեղեկատվության համաձայն, անհրաժեշտ խորհրտավություններ եւ բանակցություններ է տանում ՎՈՒԱՄ-ի գործընկերների եւ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի անդամների հետ:

Ընդ որում, ինչպես նշում է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը, որոշված չէ` ինչ մակարդակով է ներկայացվելու պաշտոնական Բաքուն Նյու-Յորքի քննարկումներում: Նա ընդգծում է, որ Գլխավոր վեհաժողովում տվյալ հարցի բարձրացման նպատակը միջազգային հանրության ուշադրության սեւեռումն է նրան, թե ինչ է կատարվում ՎՈՒԱՄ երկրների տարածքում, այն է տարածաշրջանային հակամարտություններին, որոնք «արգելակում են այս պետությունների ինչպես ազգային զարգացումը, այնպես էլ ընդհանուր տարածաշրջանային գործընթացները»:
«Այլ տեսանկյունից, քննարկումները ՄԱԿ-ում կապված են հակամարտությունների արագընթաց կարգավորման համար միջազգային հանրության կողմից քայլերի ձեռնարկման հավանականության բարձրասման հետ»,- ընդգծել է Ադրբեջանի ԱԳՆ վարչության ղեկավարը, հայտնում է Բաքվի «Էխո» թերթը: