AM
27 Հոկտեմբեր 2006 - 11:24 AMT

ԽՍՀՄ նախկին բոլոր հանրապետություններից սքինհեդների խնդիր կա միայն Ռուսաստանում

ԽՍՀՄ նախկին բոլոր հանրապետություններից սքինհեդների խնդիր կա միայն Ռուսաստանում: Այդ մասին են վկայում նախկին Խորհրդային Միության տարածքում ամերիկյան Gallup ինստիտուտի անցկացրած սոցիոլոգիական հարցման տվյալները: Այլ երկրներում, որոնք առաջացան ԽՍՀՄ փլուզումից հետո, նման երեւույթ չի նկատվել: Մինչդեռ, ՌԴ տարածքում հարցում անցկացնելով 2011 անձանց շրջանում, Gallup ինստիտուտի մասնագետները պարզել են, որ երկրում մաշկագլուխների (սքինհեդների ) գոյության մասին գիտի ռուսաստանցիների 71 տոկոսը: Նշվում է, որ քաղաքների բնակչությունը շատ ավելի լավ է տեղեկացված այդ մասին, քան գյուղերի բնակչությունը: Ընդ որում, որքան խոշոր է քաղաքը, այդքան շատ է այն մարդկանց քանակը, որոնք գիտեն կամ լսել են մաշկագլուխների մասին: Ռուսաստանի միլիոնանոց քաղաքներում սքինհեդների մասին տեղյակ է բնակչության 80 տոկոսը: Մոսկվայում եւ Սանքտ Պետերբուրգում այդ ցուցանիշն ավելի մեծ է` համապատասխանաբար 92,5 եւ 97,5 տոկոս:

Ըստ հետազոտության տվյալների, ռուսաստանցիների 80 տոկոսը համարում է, որ սքինհեդների դեմ պետք է պայքարել, կիրառելով խիստ միջոցներ, ընդհուպ մինչեւ բանտարկություն: Ընդ որում կոշտ քաղաքականության կողմնակիցների թվում գերակայում են կանայք (83,9 տոկոս), տղամարդիկ ավելի քիչ են` (6,1 տոկոս): Որքան մեծ է հարցվածի տարիքը, այդքան անհաշտ է տրամդրվածությունը մաշկագլուխների հանդեպ: Եթե 18-24 տարեկան երիտասարդության շրջանում սքինհեդներին բանտում տեսնելու կողմնակիցները կազմում են հարցվածների 70 տոկոսը, ապա նրանց շրջանում, ում տարիքը 60-ից բարձր է` արդեն 85 տոկոս:
Ռուսաստանցիների միայն 4 տոկոսն է այս կամ այն կերպ հավանություն տալիս սքինհեդների գործողություններին, եւ ընդամենը 1,3 տոկոսն է գտնում, որ մաշկագլուխներին հարկավոր է աջակցել, այդ թվում նաեւ նյութապես: Ընդ որում սոցիոլոգների առանձնակի մտահոգությունն է առաջացնում այն փաստը, որ սքիններին աջակցում է յուրաքանչյուր 9-րդ երիտասարդը, հաղորդում է Լենտա.ռու-ն: