ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բացեց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումը: Վ.Պուտինը գտնում է, որ ռուսական ընկերությունների ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ կաճեն: Նա հայտարարեց այդ մասին, բացելով հանդիպումը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: «Ըստ կապիտալ ներդրումների Հայաստանի տնտեսության մեջ Ռուսաստանը դեռեւս ամոթալի երրորդ տեղում է»,-ասել է Ռուսաստանի ղեկավարը: «Ես ասում եմ ամոթալի, քանի որ տարօրինակ է, որ Ռուսաստանն իր ներդրումներով առաջին տեղում չէ իր ռազմավարական դաշնակցի տնտեսության մեջ»,-պարզաբանել է նա: Միեւնույն ժամանակ, ըստ Պուտինի, առեւտրա-տնտեսական հարաբերությունները երկու երկրների միջեւ զարգանում են: «Առեւտուրն աճում է, թեեւ բացարձակ թվերը Ռուսաստանի համար, գուցե, այնքան էլ բարձր չեն` ութ ամսվա ընթացքում այն աճել է 90 տոկոսով»,-հավելել է Պուտինը: Իր հերթին Ռոբերտ Քոչարյանը հաղորդել է, որ Երեւանի բոլոր պայմանավորվածությունները «Գազպրոմի» հետ իրագործվում են: «Էներգետիկ նախագծերի գծով բոլոր լուրջ պայմանագրերը «Գազպրոմի» հետ մտնում են իրականացման փուլ»,-ասել է Քոչարյանը: Այդ կապակցությամբ նա նշել է, որ կապիտալ ներդրումների հետ կապված իրավիճակը, երբ Ռուսաստանը զբաղեցնում է ընդամենը երրորդ տեղը Հայաստանում արված ներդրումների ծավալով, պետք է փոխվի: «Հաջորդ տարի իրավիճակն էապես փոխված կլինի, ես ուղղակի չեմ կասկածում դրանում»,-ասել է Քոչարյանը: Նա նաեւ հաղորդել է, որ տառացիորեն մի քանի օր առաջ գործնական փուլ է մտել «Արմենալ» նախագիծը, որը տարածաշրջանի ամենախոշոր ձեռնարկություններից մեկն է»,-հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:





