Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների անարդյունավետության դեպքում, Ադրբեջանը կվերանայի իր քաղաքականությունը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: «Բարդ է ասել, թե ինչ կկատարվի բանակցությունների անհաջող ելքի դեպքում: Ցանկացած դեպքում եթե բանակցությունների ներկա փուլն արդյունք չտա, ապա Ադրբեջանն անպայման կվերանայի իր ռազմավարությունը, մարտավարությունը եւ իր վարքը»,-լրագրողներին է հայտարարել է Ի.Ալիեւը: Ադրբեջանի նախագահը նշել է, որ Բաքուն պնդում է, որ հակամարտությունը կարգավորվի «միջազգային նորմերի հիման վրա, որը նախատեսում է հայկական օկուպացիոն զորքերի դուրս բերում ադրբեջանական տարածքից եւ ինքնավարության բարձր աստիճանի տրամադրում Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի կազմում»: «Աշխարհում դրական փորձ կա ինքնավարությունների ոլորտում: Եվրոպայում հատկապես շատ են ազգային փոքրամասնությունները եւ ինքնավարությունները: Լինել ազգային փոքրամասնություն չի նշանակում իրավունք ունենալ օտարել պետության մի մասը եւ նորը ստեղծել: Սա է մեր կառուցողական դիրքորոշումը, այն առավելագույնը, ինչ մենք կարող ենք առաջարկել»,-նշել է Ի.Ալիեւը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:





