Այսօր Կոպենհագենում կկայանա MTV Europe-ի հերթական` 13-րդ մրցանակաբաշխությունը: Երկրորդ տարին անընդմեջ այս միջոցառման գլխավոր դերակատարներից է լինելու System of a Down խումբը, որը այս տարի եւս պայքարում է լավագույն այլընտրանքային խմբի տիտղոսի համար: Անցած տարի System of a Down-ը ոչ միայն հաղթեց այս անվանակարգում, այլեւ դարձավ MTV Europe-ի լիսաբոնյան մրցանակաբաշխության գլխավոր հայտնություններից մեկը. խմբին էր վերապահված միջոցառումը փակելու պատիվը: Միանգամից 4 անվանակարգերում ներկայացված է Red Hot Chilli Peppers խումբը, որը պայքարելու է «Լավագույն խումբ», «Լավագույն ռոք խումբ», «Լավագույն ալբոմ» եւ «Լավագույն երգ» անվանակարգերում: Ինչ վերաբերում է փոփ-աստղերին, ապա
Մադոննան ներկայացված է միանգամից 3 անվանակարգերում` «Տարվա երգչուհի» «Լավագույն փոփ-կատարող» եւ «Լավագույն ալբոմի հեղինակ»: Ռոբի Ուիլյամսը հավակնում է տարվա երգչի եւ լավագույն փոփ-կատարողի տիտղոսներին: Տարբեր անվանակարգերում ներկայացված են նաեւ Ջասթին Թիմբերլեյքը, Depeche Mode խումբը, Շակիրան, Նելլի Ֆուրտադոն ու Քրիստինա Ագիլիերան, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:





