Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռենը հայտարարել է, թե Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման չէ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության համար: Ռենը կարծիք է հայտնել, որ Թուրքիայի հետ բանակցությունները պետք չէ առկախել, «եթե Թուրքիան անի այն, ինչ պետք է անի», եւ Եվրամիությանը հորդորել է «արդարացիորեն» վերաբերվել Թուրքիային: «Մենք պետք է տեր կանգնենք Թուրքիային տված մեր խոստումներին, եթե ակնկալում ենք, որ նա հարգի հիմնարար ազատությունների, խոսքի, դավանանքի ազատության վերաբերյալ Եվրամիության չափանիշները: Մենք թերագնահատում ենք Թուրքիայի կարեւորությունը»,-նշել է Օլի Ռենը: ԵՄ հանձնակատարը, նշելով, թե որոշակի «արատավոր շրջան» է ձեւավորվել` պայմանավորված, մի կողմից, թուրքերի մոտ լայնորեն տարածված կարծիքով, որ Եվրամիությունում չեն ցանկանում Թուրքիայի մուտքը, իսկ մյուս կողմից` Թուրքիայում ժողովրդավարական բարեփոխումներով Եվրամիության հիասթափվածությամբ, հայտարարել է. – «Մենք պետք է խախտենք այդ արատավոր շրջանը, այլապես չենք հասնի որեւէ առաջընթացի», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:





