AM
8 Նոյեմբեր 2006 - 11:42 AMT

Եվրահանձնաժողովը գոհ չէ ԵՄ ճանապարհին Թուրքիայի առաջընթացից

Եվրահանձնաժողովն այսօր հրապարակելու է Եվրամիության անդամակցության ճանապարհին Թուրքիայի առաջընթացի վերաբերյալ միջանկյալ զեկույցը: Մեկնաբանների համոզմամբ, ԵՄ գործադիր մարմինը պատրաստել է շատ քննադատական զեկույց, սակայն չի առաջարկի սառեցնել անդամակցության բանակցությունները: Մոնիտորինգային զեկույցում, որը հրապարակելու է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռենը, կարծարծվի Թուրքիայում խոսքի ազատության ոտնահարման, մասնավորապես, գրողների եւ մամուլի աշխատողների նկատմամբ «թուրքական ինքնությունը վիրավորելու» մեղադրանքով քրեական գործեր հարուցելու խնդիրը: Այդ հարցում անդրդվելի դիրքորոշում որդեգրած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն անցած շաբաթ ակնարկել է, թե կարելի է լրամշակել հոդվածը, այն դարձնել ավելի կոնկրետ եւ համապատասխանեցնել եվրոպական օրենքներին: Այսօրվա զեկույցում Եվրահանձնաժողովն Անկարային քննադատելու է նաեւ միջազգայնորեն ճանաչված Կիպրոսի առջեւ թուրքական նավահանգիստներն ու օդանավակայանները փակ պահելու համար: Դեկտեմբերի 14-15-ը Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովը պետք է վերջնական դիրքորոշում հայտնի Թուրքիայի անդամակցության բանակցությունները շարունակելու կամ սառեցնելու հարցում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: