AM
9 Նոյեմբեր 2006 - 12:58 AMT

Հայաստանի եւ ԼՂՀ-ի պաշտոնյաները շնորհակալ են Հունաստանին 1996 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման համար

Նոյեմբերի սկզբում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Գեորգի Պետրոսյանն ուղեւորվել է Հունաստան` այդ երկրի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը նվիրված միջոցառումներին մասնակցելու: Ինչպես հայտնել են ԼՂՀ ԱԳՆ-ի մամլո ծառայությունում, նոյեմբերի 7-ին Հունաստանի խորհրդարանում կայացել է Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանի եւ ԼՂՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի հանդիպումը հունական խորհրդարանի փոխխոսնակ Գեորգիոս Սուրլասի հետ: Հայաստանի եւ ԼՂՀ-ի պաշտոնատար անձինք շնորհակալություն են հայտնել Հունաստանի խորհրդարանին 1996 թվականին Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Գեորգիոս Սուրլասն իր հերթին անդրադարձավ Օսմանյան Թուրքիայում հայերի եւ հույների էթնիկ մաքրումների հարցին եւ ընդգծեց դրանց ճանաչման հարցով հետեւողական գործողությունների անհրաժեշտությունը: Կողմերը քննարկել են նաեւ հայ-հունական բարեկամական կապերի ընլայնման հարցեր, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկա վիճակը, հայտնում է Regnum-ը: