Շաբաթ օրը, նոյեմբերի 11-ին Մոսկովյան մարզի Պուշկինի շրջանի Իվանտեեւկա քաղաքում սպանվել է 15-ամյա հայաստանցի Նարեկ Քոչարյանը: Ինչպես հաղորդել են Մոսկովյան մարզի ՆԳՊՎ-ում, նոյեմբերի 11-ին ժամը 22:30-ին դանակահարության վերքերով Իվանտեեւկայի կենտրոնական հիվանդանոց է տեղափոխվել 1991թ. ծնված Կոռոլյով քաղաքի բնակիչը, որը ստացված վերքերից մահացել է: Ըստ աղբյուրի, այդ կապակցությամբ օպերատիվ-որոնողական միջոցառումներ են անցկացվում: Մինչդեռ, Ռուսաստանի հայերի միության տվյալներով, «Նարեկ Արտաշեսի Քոչարյանը, որը վարսահարդարման դասընթացների ուսանող էր, հանգստայն օրը զբոսանքի էր գնացել իր ռոսւ ընկերների հետ»: «Երեկոյան, ժամը 18-19 շրջանում Նարեկի վրա են հարձակվել ագրեսիվ տրամադրված երիտասարդներ: Նրա ընկերները փախուստի են դիմել, իսկ ինքը դաժանաբար ծեծվել է, ստացել է դանակի բազմաթիվ վերքեր, որի արդյունքում մահացել է: Պարանոցի շրջանում հայտնաբերվել են հետքեր, որոնք վկայում են, որ նրան փորձել են կախել կամ խեղդել: Սպանվածի կողքին հայտնաբերվել է գանգի եւ ոսկորների պատկերով շարֆ, ինչը պարզ մատնանշում է, որ հարձակվողները պատկանել են ֆաշիստական խմբավորման»,-ասվում է ՌՀՄ պաշտոնական կայքում:
Ըստ աղբյուրի, 1991 թվականի ծնված Նարեկ Քոչարյանը բնակվում էր Իվանտեեւվկա քաղաքում, դպրոցն ավարտել էր Կոռոլյովում: Մոտ ժամանակներս նա պետք է ստանար Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձնագիր: Սպանվածի դին կտեղափոխվի Հայաստան, որտեղ էլ կկատարվի նրա հուղարկավորությունը: Ինչպես նշել են ՌՀՄ-ում, սպանության փաստով հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 111 հոդվածի 4-րդ մասով` «Ծանր մարմնական վնասվածքների հասցնում, որն անզգուշության պատճառով հանգեցրել է մահվան»: Քննությունը վարում է Մոսկովյան մարզի Իվանտեեւկա քաղաքի դատախազությունը:
ՌՀՄ կայքի խմբագրությունը հավելում է. «Իրավակարգի մեր փառապանծ պահապանները գտնում են, որ մահը վրա է հասել «անզգուշության պատճառով» մի իրավիճակում, երբ մարդուն բազմիցս ոտքերով հարվածել են գլխին, խեղդել եւ դանակահարել են: Եվ, նկատեք, ոչ մի բառ չի ասվում ազգային ատելությամբ թելադրված գործողությունների մասին: Այդ պատճառով չէ արդյո՞ք, որ նման երեւույթները կատարվում են սարսափեցնող կանոնավորությամբ», հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:





