«ՎիմպելԿոմ» ԲԲԸ-ն եւ հունական OTE ընկերությունը պաշտոնապես ավարտել են «ԱրմենՏել» հեռահաղորդակցության ընկերության վաճառքի վերաբերյալ գործարքը: Այդ մասին հայտնել է «ՎիմպելԿոմ»-ի ԶԼՄ-ների հետ աշխատանքի հարցով մենեջեր Եկատերինա Օսադչայան: Հիշեցնենք, որ Հայաստանի Հասարակական ծառայությունների կարգավորման պետական հանձնաժողովը նոյեմբերի 14-ին հավանություն է տվել OTE հունական ընկերության եւ ռուսական «ՎիմպելԿոմ»-ի միջեւ գործարքին` «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսի վաճառքի վերաբերյալ: Նշենք, որ «ՎիմպելԿոմ» ԲԲԸ-ն նոյեմբերի 3-ին հայտարարել էր Hellenic Telecommunications Organization SA (OTE) ընկերության հետ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վաճառքի վերաբերյալ պայմանագրի ստորագրման մասին: Նշենք նաեւ, որ Հայաստանի կառավարությունը, իր հերթին, պատրաստվում է «ՎիմպելԿոմ»-ին առաջարկել ձեռք բերել «ԱրմենՏել»-ի բաժնետոմսերի` իրեն պատկանող 10 տոկոսը` կապի մի քանի տեսակների, այդ թվում ինտերնետի նկատմամբ ունեցած մենաշնորհային իրավունքից հրաժարվելու դեպքում: «ՎիմպելԿոմ»-ում նշել են, որ ընկերությունը բազմաթիվ անգամներ հայտարարել է «ԱրմենՏել»-ին պատկանող մենաշնորհից հրաժարվելու պատրաստակամության մասին, հայտնում է Regnum-ը:





