AM
5 Նոյեմբեր 2015 - 09:52 AMT

Արմավիրի Նալբանդյան գյուղի դպրոցը վերանորոգվում ու կահավորվում է

Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի միջնակարգ դպրոցը հիմնանորոգվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի բարերարներ Արմեն և Պերճուհի Նալբանդյանների հովանավորությամբ: Այս մասին տեղեկացնում է հիմնադրամի կայքը:

Արդեն ավարտվել է երեք մասնաշենքից բաղկացած եռահարկ կառույցի (3200 քմ) 2-րդ և 3-րդ մասնաշենքերի նորոգումը: Վերակառուցման և նորոգման արդյունքում մասնաշենքերն ուժեղացվել են, վերակառուցվել է ինժեներական ներքին ցանցը, այդ թվում` էլեկտրական, ջրամատակարարման և ջեռուցման համակարգերը, կառուցվել են գրանիտե և լամինատե հատակներ: Նախկինում երկու մասնաշենքերը սպասարկող մեկ սանհանգույցի փոխարեն կառուցվել է ընդհանուր թվով վեց սանհանգույց: Կրթօջախի 600 աշակերտը դասերն անցկացնում են արդեն նորոգ մասնաշենքերում:

Ներկայումս ուժեղացվում և հիմնանորոգվում է 1-ին` գլխավոր մասնաշենքը: Սկսվել է մարզադահլիճի կառուցումը: Գլխավոր մասնաշենքի և մարզադահլիճի պատրաստ լինելուն պես դպրոցը կկահավորվի և կապահովվի անհրաժեշտ սպորտային գույքով:

Գյուղապետ Գրիգոր Մկրտչյանը նշում է, որ գյուղի դպրոցականներին ու ուսուցիչներին բարենորոգ ու հարմարավետ պայմաններ պարգևելուց բացի, դպրոցի վերակառուցումն այս տաս ամիսների ընթացքում ամիսը միջին հաշվով 30 բանվորի ապահովել է աշխատանքով ու եկամտով:

Գյուղացիներն ասում են, որ արագիլներն անգամ ողջունում են դպրոցի վերակառուցման այս ձեռնարկը. տարիների ընթացքում առաջին անգամ նրանք բույն էին դրել դպրոցի տանիքի չորս անկյունում:

Հայաստան հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմինը (Hayastan Foundation Toronto Inc.) շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը ստեղծվել է 1993-ին ` խթանելու մարդասիրական օ•նությունն ու ենթակառուցվածքների զարգացումը Հայաստանում և Արցախում:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևելյան ափի տեղական մարմնի հովանավորությամբ իրականացվում է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի լայնածավալ հիմնանորոգումը և արդիականացումը:Հիմնովին վերանորոգվում են 1973-ին կառուցված շենքի երեք մասնաշենքը (4958 քմ):