Նոյեմբերի 6-ին Իտալիայի Կալյարի քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Երթ անապատում. 1915-2015» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացումը:
Ցուցահանդեսը նախաձեռնել և կազմակերպել են Ojos Design ու Suoni&Pause ընկերությունները՝ հանձինս Ալբերտո Սոյի և Իրմա Թուջյանի՝ Իտալիայում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ և Կալյարիի շրջանային ու քաղաքային իշխանությունների, ինչպես նաև Իտալիայում հայերի միության հետ գործակցությամբ:
Ցուցահանդեսում ներկայացված է տարբեր երկրների 35 արվեստագետ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված գրաֆիկական, տեսաձայնային, գրական և այլ ստեղծագործություններ:
Ցուցահանդեսի բացման մասնակիցներին ուղղված իր ուղերձում Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին և 35 արվեստագետին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակմանն ու ոգեկոչմանն իրենց նպաստը բերելու համար` դրանով իսկ աջակցելով աշխարհում համամարդկային արժեքների, ինչպես նաև արդարության ու խաղաղության տարածմանը:
Ցուցահանդեսը տևելու է մինչև նոյեմբերի 15-ը: Կազմակերպիչները ծրագրել են 2016թ. նույն ցուցահանդեսը բացել նախ Միլանում, ապա՝ Երևանում:
Իտալիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 200-ին:
2015-ի հոկտեմբերի 27-ին Իտալիայի Աբրուցո նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Նահանգային խորհրդի կողմից միաձայն ընդունված բանաձևում համերաշխություն է հայտնվում հայ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ և պատմական ճշմարտության ճանաչման ու մարդու իրավուքների պաշտպանության համար նրա պայքարին:
Աբրուցոյի նահանգային խորհուրդը Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչած 99-րդ խորհուրդն է: 2015-ի հոկտեմբերի 13-ին հայտնի է դարձել, որ Իտալիայի Մարկեի նահանգային խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Բանաձևը զորակցություն է հայտնում հայ ժողովրդին Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:
Իտալիայի Պիեմոնտե նահանգի Իվրեայի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2015-ի հոկտեմբերի 12-ին կայացած նիստում: 2015-ի հոկտեմբերի 22-ին Իտալիայի Ռավենա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
2012-ի ապրիլի 17-ին Իտալիայի Սկաֆատի քաղաքի խորհուրդը (ջունտան) միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշում՝ «հարգանքի տուրք մատուցելով 1.5 միլիոն հայ նահատակների հիշատակին և զորակցություն հայտնելով հայ ժողովրդին»:
2012-ին Իտալական Ռիետի քաղաքի (Ռիետի նահանգ, Լացիո շրջան) քաղաքային խորհուրդը, որտեղ մոտ 48 հազար մարդ է բնակվում, ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը:
2012-ին Իտալիայի հարավում գտնվող Բարի քաղաքի իշխանությունները ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:
Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 24 երկիր, ինչպես նաև ԱՄՆ նահանգների մեծ մասը:
Նոյեմբերի 2-ին՝ Իտալիայի Ասիզի քաղաքի Սբ Ֆրանցիսկոս քահանայապետական բազիլիկ եկեղեցում մատուցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի էկումենիկ պատարագ՝ եկեղեցու գլխավոր աբբահայր Մաուրո Գամբետտիի գլխավորությամբ և հայր Գոլյիելմո Սպիրիտոյի ու Իտալիայի Հայ առաքելական թեմի առաջնորդ հայր Թովմա վարդապետ Խաչատրյանի մասնակցությամբ:
Պատարագից հետո կայացել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Իտալիայում բնակվող հայ բարերար Արթուր Հակոբյանի նվիրաբերած խաչքարի օծման հանդիսավոր արարողությունը: Խաչքարը տեղադրվել է Սուրբ Ֆրանցիսկոս եկեղեցու անմիջապես մուտքի մոտ:
Ասիզիի Սբ Ֆրանցիսկոս եկեղեցին Իտալիայի և կաթոլիկ աշխարհի կարևորագույն սրբավայրերից մեկն է, ուր օրական բազմահազար ուխտավորներ ու զբոսաշրջիկներ են այցելում, և եկեղեցին տարեկան մոտ 15 մլն այցելու է ունենում: Այն Իտալիայի և Եվրոպայի կաթոլիկ պահապան Սբ Ֆրանցիսկոսի պաշտամունքի հիմնական ուխտավայրն է, և այստեղ է սկիզբ առնում Միջազգային խաղաղության տարեկան երթը:





