AM
23 Նոյեմբեր 2006 - 09:44 AMT

ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է եկել համատեղ հայտարարությամբ` նվիրված տարածաշրջան կատարած այցի արդյունքներին

ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է եկել համատեղ հայտարարությամբ` նվիրված ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան կատարած այցի արդյունքներին: Ամփոփիչ հայտարարության մեջ ասվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ Մինսկում կայանալիք ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում: «Համանախագահները հանդիպել են նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի, ինչպես նաեւ արտգործնախարարների հետ: Հանդիպումների արդյունքում, որոնք անցել են բաց եւ կառուցողական մթնոլորտում, երկու նախագահները ընդունել են համանախագահների առաջարկը Մինսկում կայանալիք ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում անցկացնելու վերաբերյալ: Երկու հանդիպումների մասնակիցները նշել են, որ արտգործնախարարների քննարկումները հոկտեմբեր-նոյեմբերին Մոսկվայում, Փարիզում եւ Բրյուսելում արդյունավետ են եղել բանակցային գործընթացում առաջընթաց գրանցելու տեսակետից: Համանախագահները հուսով են, որ նախագահների եւ արտգործնախարարների հանդիպմանը Մինսկում մի քայլ առաջ կարվի կարգավորման սկզբունքների հիման վրա, որոնք հաստատվեցին Սանքտ Պետերբուրգում` Մեծ ութնյակի գագաթնաժողովում ընթացիկ տարվա հուլիսին»,-ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ, հաղորդում է Day.az-ը: