Այսօր Մոսկվայում սպանված 29-ամյա Աշոտ Իսախանյանը զբաղվում էր ուղեւորների մասնավոր տեղափոխմամբ: Ուղեւորը, որը նստել է նրա մեքենան, սպառնալով դանակով առգրավել է Իսախանյանի ողջ հասույթը, իսկ երբ վերջինս սկսել է դիմադրել կողոպուտին, դանակահարել է նրան եւ թաքնվել հանցագործության վայրից: Այժմ սպանության եւ կողոպուտի փաստով անց են կացվում օպերատիվ-որոնողական միջոցառումներ: Իրավապահ մարմինների աշխատակիցները վկաների հարցում են անցկացնում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
Հիշեցնենք, որ այսօր գիշերը, նոյեմբերի 23-ին, Դմիտրովի մայրուղում ճանապարհա-պարեկային ծառայության աշխատակիցները փորձել են կանգնեցնել մերձմոսկովյան համարներով «Օպել» ավտոմքենան, որն ընթանում էր անջատած լուսատուներով: Միլիցիայի հրամաններին վարորդը չենթարկվեց եւ փախուստի դիմեց: Արդյունքում «Օպելը» Դմիտրովի մայրուղու թիվ 58 տան մոտ բախվել է արտասահմանյան մակնիշի մեքենայի, որի վարորդը ստացված վնասվածքների հետեւանքով տեղում մահացել է: Հետապնդվող մեքենան շուտով բախվել է կոլեկտորին եւ նույնպես կանգնել է: Վարորդը դուրս է վազել մեքենայից, նրան հաջողվել է փախուստի դիմել: Ավտոմեքենայի զննման արդյունքում հայտնաբերվել է դանակով հասցրած վերքերով տղամարդու մարմին: Սպանվածը Հայաստանի քաղաքացի Աշոտ Իսախանյանն է, 1977 թվականի ծնված, որին եւ պատկանում էր «Օպելը», գրանցված Մոսկվայի շրջանում, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Տիմիրյազեւի միջշրջանային դատախազությունը քրեական գործ է հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի 105 հոդվածի (սպանություն) 1 մասով եւ 264 հոդվածի (ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում, որը մարդու մահվան պատճառ է դարձել):





