AM
27 Նոյեմբեր 2006 - 10:24 AMT

Որքան ավելի շատ երկրներ են ճանաչում Հայոց ցեղասպանությունը, այնքան ավելի ագրեսիվ է դառնում Թուրքիան

«Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը նորմալ, բարիդրացիական հարաբերությունների նախապայման չէ Հայաստանի համար», – հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Ֆրանսպրես» գործակալության հարցազրույցում: Նա համոզմունք է հայտնել, որ «այդ արգելքը կարող է վերացվել թուրք եւ հայ ժողովուրդների` որպես հարեւան ժողովուրդների գործակցությամբ»: ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղկեվարը «ծխածածկույթ» է որակել 1915-17 թվականների իրադարձությունները ուսումնասիրելու համար պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի առաջարկը. – «Ինչպե՞ս կարող է ստեղծվել համատեղ հանձնաժողով` առանց Անկարայի եւ Երեւանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների»: Նրա խոսքերով, դա քաղաքական հարց է, եւ այդ հարցին պետք է մոտենալ քաղաքական տեսանկյունից: Վարդան Օսկանյանը քննադատել է Թուրքիային պետականորեն ուրացման քաղաքականություն վարելու համար, ընդ որում` «որքան ավելի շատ երկրներ են ճանաչում Հայոց ցեղասպանությունը, այնքան ավելի ագրեսիվ է դառնում Թուրքիան ուրացման իր քաղաքականության մեջ»: «Թուրքերը դեռ երբեք պետական մակարդակով այսքան կազմակերպված չեն եղել ուրացման քաղաքականություն վարելու հարցում», – ընդգծել է Օսկանյանը:

Հայաստանի արտգործնախարարի համոզմամբ, Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծի ընդունումը Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից «հստակ արձագանք էր թուրքական կառավարության ագրեսիվ ուրացողական քաղաքականությանը»:
Անդրադառնալով մտավախություններին, թե ճանաչումը կարող է հանգեցնել փոխհատուցման պահանջների, Օսկանյանը շեշտել է. – «Հայաստանը այսօր իր արտաքին քաղաքականության օրակարգում ունի միայն Ցեղասպանության ճանաչման հարցը», հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: