Թուրքիայի եւ Եվրամիության միջեւ բանակցությունները Կիպրոսի հարցով անարդյունք են ավարտվել: Այդ մասին հաղորդել է CNN-Turk հեռուստաընկերությունը` հղում կատարելով ֆինական ԱԳՆ ղեկավար Էրկի Տուոմիոյային: «Ներկա դրությամբ ստեղծված իրավիճակը մեզ այլեւս թույլ չի տալիս բանակցություններ վարել: Դրա հետեւանքները անխուսափելի են, սակայն մենք այժմ չենք կարող ասել` ինչպիսին դրանք կլինեն»,- ասել է Տուոմիոյան Թուրքիայի եւ Կիպրոսի Հանրապետության արտգործնախարարների հետ Տամպերում ունեցած հանդիպումից հետո: Նշենք, որ Ֆինլանդիան ներկա դրությամբ նախագահում է Եվրամիությունում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբում Եվրահանձնաժողովը Թուրքիային մեկ աամիս ժամկետ էր տվել մինչեւ ԵՄ գագաթնաժողովը, որը նախատեսված է անցկացնել դեկտեմբերի 14-15, Կիպրոսի Հանրապետության համար իր նավահանգիստները բացելու համար, ինչը նախատեսված է Մաքսային միության հավելյալ արձանագրությունով: Այդ փաստաթուղթը Անկարան ստորագրել է անցյալ տարվա հուլիսին: Ի պատասխան դրա, թուրքական կառավարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որում նշել է Կիպրոսի հարցը ԵՄ անդամակցության բանակցային գործընթացի հետ խառնելու անթույլատրելիությունը: Թուրքական իշխանությունները բազմաթիվ անգամներ հայտարարել են, որ կբացեն իրենց ծովային նավահանգիստներն ու օդային ուղիները Կիպրոսի Հանրապետության համար միայն Հյուսիսային Կիպրոսի մեկուսացման վերացումից հետո, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:





