Պարբերականները գրում են այն «անակնկալների» մասին, որ բերեց Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի այցի մեկնարկը Թուրքիայում: Այցից առաջ Թուրքիայում անցան բողոքի ցույցեր` մահմեդականները վրդովված էին պոնտիֆիկի վերջին ելույթով, որտեղ նա մեջբերել էր միջնադարի բյուզանդական կայսրի խոսքերն իսլամի մասին: Երեքշաբթի, այցի առաջին օրը, Պապը ոչ միայն հավանություն տվեց Թուրքիայի ձգտմանը Եվրամիություն, այլ նաեւ կոչ արեց «ճշմարիտ երկխոսություն» հաստատել քրիստոնեության եւ իսլամի միջեւ: Հետաքրքրական է, որ դեռեւս կարդինալ լինելով` Յոզեֆ Ռատցինգերը կտրականապես դեմ էր Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին: Սակայն Պապի հետ հանդիպումից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, թե Բենեդիկտոս XVI-ը հավանություն է տալիս Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին:
«Վաթան» պարբերականը նշում է, որ Հռոմի Պապի խոսքերը «զարմացրեցին ողջ աշխարհին»: «Լավ սկիզբ է դրված: Լինելով Անկարայում, Պապը ցույց տվեց ողջ աշխարհին, որ իսլամը խաղաղ կրոն է»,-գրում է այցի մասին «Հյուրիեթ» թերթը: Մինչդեռ, ազատական «Ռադիկալը» կասկածում է, թե Պապն անկեղծ է եղել իր խոսքերում Անկարայի եվրոպական նկրտումների վերաբերյալ:
Լրատվական գործակալությունները նշում են ողջունող մարդկանց գրեթե լրիվ բացակայությունը Անկարայի փողոցներում: Ըստ գործակալությունների, դա ասում է այս այցի հանդեպ մեծամասամբ մահմեդական երկրի բնակչության մոտ լուրջ հետաքրքրության բացակայության մասին, ինչպես նաեւ այն մասին, որ Թուրքիայում շատերը կասկածանքով են վերաբերվում Հռոմի Պապին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:





