Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, միայն մեկ չհամաձայնեցված հարց է մնացել: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգրծնախարար Էլմար Մամեդյարովը: «Ինչպես ես միշտ նշել եմ, Ղարաբաղյան կարգավորման գործընթացում 8-9 սկզբունք գոյություն ունի, որոնցից շատերը մենք համաձայնեցրել ենք: Եւ այժմ կարելի է ասել, որ միայն մեկ հարց է մնացել: Եթե այդ հարցում մենք կարողանանք առաջ գնալ, կարելի կլինի խոսել ինչ-որ տեղաշարժի մասին»,- նշել է նա: Ընդ որում, Է. Մամեդյարովը չճշտեց կոնկրետ որ հարցի մասին է խոսքը գնում: «Երբ գա ժամանակը, ես կասեմ դրա մասին: Ես բացատրություններ չեմ տալիս, որովհետեւ դա իրոք նուրբ հարց է, եւ հիմա, առանց երկու կողմերի համաձայնության, ինչ-որ հայտարարություններն իրոք կարող են հարված հասցնել բանակցային գործընթացին: Հարցն իրոք նուրբ է: Իրականում, տարածաշրջանում մի շարք ուժեր կան, որոնք չեն ցանկանում` Լեռնային Ղարաբաղի կարգավորումը կայանա եւ տարածաշրջանում խաղաղություն հաստատվի: Արդեն համաձայնեցումից հետո, իհարկե, որոշումը կներկայացվի հասարակությանը, լայն քննարկումներ կանցկացվեն, քանի որ դա իրոք շատ կարեւոր հարց է երկու երկրների համար»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը, հայտնում է Day.az-ը:





