AM
2 Դեկտեմբեր 2006 - 09:50 AMT

Սերգեյ Մարկեդոնով. Ղարաբաղի հարցով բանակցություններում կողմերի միջեւ վստահություն չկա

«Ամենակարեւորը անցած բանակցություններում (Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների- խմբագրի նշում) այն է, որ Ղարաբաղի հարցով բանակցություններում կողմերի միջեւ վստահություն չի հաստատվել: Փաստորեն, բանակցությունները դարձան երկու հաճելի ջենթլմենների գործը»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտոտի միջազգային հարաբերությունների խնդիրների բաժնի ղեկավար Սերգեյ Մարկեդոնովը: Նրա խոսքերով, բանակցային գործընթացում ներգրավված չեն խորհրդարանականները, «երրորդ սեկտորի» ներկայացուցիչները, փորձագետները: «Ավելի ճիշտ, նրանք ներգրավված են, սակայն շրջանցելով Մինսկի խմբին, այլ ոչ թե նրա ջանքերի շնորհիվ: Բոլոր այդ կոնտակները անձնական նախաձեռնություններ են հիշեցնում, այլ ոչ թե միջոցների համակարգ: Սակայն չափազանց կարեւոր կլիներ, որ բանակցությունների մեջ ներգրավված լինեին ոչ թե նեղ շրջանակի, այլ ավելի լայն շրջանակի անձանց: Դա, այդպիսով, կազատեր երկու երկրների նախագահներին այն հասարակական ճնշումից, որը նրանք զգում են»,- ասել է նա:

Ռուս վերլուծաբանը գտնում է, որ, լինելով իրենց պետությունների առաջնորդները, նախագահները չեն կարող խոստումներ տալ հակառակորդ կողմին, ինչպես նաեւ փոխզիջումների գնալ: «Բանակցողների շրջանակի ընդլայնման դեպքում բաժանվում է նաեւ խաղաղ գործընթացի մասնակիցների միջեւ եղած անձնական պատասխանատվությունը: Մյուս կողմից, ինքը` դիվանագիտական կողմը, (այսինքն կոնկրետ քաղաքական բանաձեւերի եւ որոշումների մշակումը) պետք է փիար-նախագծերից վերածվի քարացած փորձագիտական աշխատանքի: Այդպիսով, այսօր Լեռնային Ղարաբաղի հարցով խաղաղ գործընթացը «վերաբեռնավորման» կարիք ունի: Մի կողմից, այն պահանջում է թարմ անձանց ներգրավում, իսկ մյուս կողմից որոշակի դիվանագիտական «քարացման»: Առաջին միջոցը թույլ կտա ամրապնդել վստահությունը հակառակորդի նկատմամբ, իսկ երկրորդը բանակցությունները տրամադրել պրոֆեսիոնալներին, այլ ոչ թե պետությունների առաջին դեմքերին: Հենց Ղարաբաղյան գործընթացի «նորացումը» պետք է 2007 թվականի առաջնային խնդիրը դառնա»,- ընդգծել է Մարկեդոնովը: