Ռուսաստանի ղեկավարությունը հասկանում է, որ այժմ որոշվում է ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանի ճակատագիրը, այլեւ Ռուսաստանի ապագա դերակատարությունն ու տեղը տարածաշրջանում: Այդ մասին հայտարարել է Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտոլոգիայի բաժնի ղեկավար Արիֆ Յունուսովը: Նրա խոսքերով, իրոք, Ռուսաստանում հասկանում են Ադրբեջանի շատ կարեւոր դերը ռուս-վրացական դիմակայության մեջ: Չէ որ, այսօր Վրաստանի ճակատագիրը շատ կողմերից կախված է Ադրբեջանի դիրքորոշումից: Եւ Ռուսաստանը այսօր գրեթե բացահայտորեն Ադրբեջանին առաջարկեց «քաղցրահաց»` միեւնույն ժամանակ ակնարկելով «մտրակը», այսինքն` հավանական հետեւանքները: «Այլ կերպ ասած, Ռուսաստանն իրոք Ադրբեջանի նկատմամբ, վերջին ժամանակներս, ընտրողական քաղաքականություն է վարում: Ակտիվորեն խաղարկելով անջատողական խաղաթուղթը Վրաստանի եւ Մոլդովայի հարցում, Մոսկվայում փորձում են այդ հարցում չնարդայնացնել Ադրբեջանին: Սակայն, մեկ այլ կողմից, Մոսկվայում հասկանում են, որ Ադրբեջանը Վրաստան չէ, եւ առավել եւս Հայաստանը չէ, Բաքվի քաղաքականության վրա լուրջ ազդեցությունը Ռուսաստանը կորցրել է դեռ Ելցինի օրոք: Ադրբեջանում չկան ռուսական զորքեր, Ադրբեջանին իր էներգապաշարներն էլ են բավարարում, եւ դրանք գտնվում են ադրբեջանական իշխանությունների վերահսկողության տակ»,- նշել է ադրբեջանցի փորձագետը:
Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ «Ռուսաստանը որոշ հաղթաթղեր ունի եւ, առաջին հերթին, Ղարաբաղի հարցը, ինչպես նաեւ Ռուսաստանի ադրբեջանցի գաղթականների հարցը»: Ռուսական իշխանությունների վերջին գործողությունները ադրբեջանցի գաղթականների նկատմամբ հանդիսանում է ռուսական «մտրակը»: Իսկ Ղարաբաղի հարցում օգնություն ցուցաբերելու խոստումը «քաղցրահացն է»: «Ռուսաստանն իրականում կարող է ազդել բանակցային գործընթացի վրա, սակայն հուսալ, որ Ռուսաստանը կարող է ճնշում գործադրել է Հայաստանի վրա եւ կօգնի Ադրբեջանին վերադարձնել Ղարաբաղը, պատրանք է: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կհանգեցնի ԱՄՆ-ի, եւ ավելի լայն, Արեւմուտքի դիրքերի ուժեղացմանը եւ Ռուսաստանի դուրս մղմանը տարածաշրջանից: Ապա ինչու՞ նա պետք է արագացնի այդ գործընթացը»,- հայտարարել է Արիֆ Յունուսովը, հայտնում է Day.az-ը:





