Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Պեր Էկլունդին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է դիվանագետին եւ ընդգծել, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, կապված Գործողությունների ծրագրի հաստատման հետ, մտել են շատ կարեւոր ու գործնական փուլ: Նշելով, որ Գործողությունների ծրագիրը բավականին հավակնոտ եւ ընդգրկուն փաստաթուղթ է, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ հայկական կողմն ակնկալում է Եվրահանձնաժողովի աջակցությունը, ինչպես նաեւ` ակտիվ աշխատանք Եվրամիության անդամ երկրների հետ: «Մենք ծրագիրը դիտում ենք որպես համապարփակ ու համակարգված բարեփոխումները շարունակելու լուրջ հնարավորություն եւ ձգտելու ենք հնարավորինս լիարժեք օգտագործել այն»,- շեշտել է երկրի ղեկավարը: Կողմերը համակարծիք են եղել, որ Գործողությունների ծրագիրը լավ հիմք կհանդիսանա հետագա հինգ տարիների ընթացքում ԵՄ-Հայաստան համագործակցության առավել սերտացման համար:





