AM
5 Դեկտեմբեր 2006 - 11:27 AMT

Ֆրանսիան եւ Գերմանիան մտադիր են առավել կոշտ դիրքորոշում որդեգրել Թուրքիայի հարցում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ անհրաժեշտ է ավելի խիստ պայմաններ ներկայացնել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցություններում: Նա ասել է, որ ոչ միայն կողմ է բանակցությունները մասամբ սառեցնելու Եվրահանձնաժողովի առաջարկին, այլեւ համոզված է, որ հարկ է էլ ավելի բարդացնել բանակցությունների վերսկսումը: Ինչպես նշել է Գերմանիայի կառավարության խոսնակ Թոմաս Շթեգը, կանցլերն ասել է, որ Թուրքիայի հանդեպ կարելի է կիրառել այսպես կոչված «վերանայման հոդվածը»: DPA գործակալությունը նշում է, որ այդ դեպքում նույնիսկ եթե Անկարան բացի նավահանգիստները եւ օդանավակայանները Կիպրոսի համար` դա մեխանիկորեն չի հանգեցնի Եվրամիությանն անդամակցելու բանակցությունների վերսկսման. դրա համար անհրաժեշտ կլինի բոլոր 27 երկրների հավանությունը: Այս պահին Եվրամիության անդամների թիվը 25 է, բայց հաջորդ տարվա հունվարի 1-ից Բուլղարիան եւ Ռումինիան արդեն կհամարվեն լիիրավ անդամ:

Այսօր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի եւ Լեհաստանի նախագահներ Ժակ Շիրակն ու Լեխ Կաչինսկին հանդիպելու են Մեթլախ գերմանական ավանում: Ենթադրվում է, որ Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարները կանդրադառնան Թուրքիայի խնդրին: Շիրակը, հավանաբար, իր աջակցությունը կհայտնի Թուրքիայի նկատմամբ դիրքորոշումն ավելի կոշտացնելու` կանցլերի առաջարկին:

Եվրոպական որոշ երկրներ ավելի մեղմ մոտեցման կողմնակից են: Երեկ Հռոմից ստացված հաղորդագրության համաձայն, Իտալիայի վարչապետ Ռոմանո Պրոդին Հունաստանի վարչապետ Կոստաս Կարամանլիսի հետ զրույցում ասել է, թե «մասամբ դադարեցնելով բանակցությունները` այնուամենայնիվ, հարկ է Եվրոպական միության դուռը բաց պահել Թուրքիայի առջեւ»: Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության աջակիցներն են, նախեւառաջ, Մեծ Բրիտանիան եւ Սկանդինավյան երկրները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: