AM
5 Դեկտեմբեր 2006 - 14:18 AMT

Եվրահանձնաժողով. ԵՄ հարեւան-երկրների բյուջեն 2007-13 թվականների համար կազմելու է 12 մլրդ. եվրո

Եվրոպական Հանձնաժողովը առաջարկում է Եվրոպական Հարեւանության Քաղաքականության (ԵՀՔ) ամրապնդման նոր ուղիներ : Այս նոր առաջարկները, ինչպես հայտնել են Հայաստանում Եվրահանձնաժողովի մամլո ծառայությունում, ներկայացվում են «Հարեւանության Քաղաքականության» գործընկեր երկրների առաջընթացի զեկույցների հետ մեկտեղ, որտեղ ԵՀՔ Գործողությունների ծրագրերը սկսել են իրականացնել դեռեւս 2005-ին: Կոմունիկեն ուժի մեջ կմտնի Գերմանիայի` ԵՄ նախագահությունը ստանձնելու ընթացքում` 2007-ի առաջին կեսին: Արտաքին Հարաբերությունների եւ Հարեւանության Քաղաքականության Արտաքին Հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները վստահ է, որ Հարեւանության Քաղաքականությունը իրապես նպաստել է Հայաստանի զարգացմանը եւ «այսօր մենք երկրին առաջարկում ենք խթանման առավել գրավիչ տարբերակ: Այն առավել կհստակեցնի Քաղաքականությունը, կենտրոնացնելով այն երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող բնագավառների վրա: Սրան կնպաստի նաեւ նոր Հարեւանության Ներդրումների Հիմնադրամի ստեղծումը: Հարեւանության Քաղաքականությունը լավ սկիզբ է դրել, բայց ԵՄ-ն կարող է անել ավելին: Մենք պետք է ձգտենք խաղաղության, տնտեսական զարգացման եւ կայունության հաստատման մեր հարեւանների երկրներում: Սրա իրակացման առավել լավ տարբերակ չկա, քան նրանց քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներին աջակցելը»,- նշել է նա: Նշենք, որ 2007-13 թվականների ԵՀՔ երկրների համար նախատեսված բյուջեն կազմում է 12 միլիարդ եվրո, 32 տոկոսով ավելի, քան նախորդ ժամանակահատվածի բյուջեն: