ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը միաձայն հավանություն է տվել սենատորներ Ռոբերտ Մենենդեսի եւ Ռիկ Սանտորումի առաջարկին` փոփոխություններ կատարել օրինագծում, որն արգելում է ԱՄՆ Արտահանման եւ ներմուծման բանկին ֆինանսավորել Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու կառուցումը, որը մեկուսացնում է Հայաստանը տնտեսական եւ տարածաշրջանային տրանսպորտային միջանցքներից: Այժմ օրինագիծն ուղարկվել է նախագահ Բուշի հաստատմանը: Ամերիկայի Հայկական համագումարի (ԱՀՀ) Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժիրայր Հովնանյանի խոսքերով, Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակում են ցանկացած հնարավոր քայլեր ձեռնարկել Հայաստանին մեկուսացնելու համար տնտեսական եւ տարածաշրջանային նախագծերից: «ԵՄ-ն չի ֆինանսավորի Կարս-Ախալքալաք ճանապարհն այնքան ժամանակ, քանի դեռ այն շրջանցում է Հայաստանը: Դա հակասում է Եվրոպական հարեւանության քաղաքականությանը, որում ներգրավված են նաեւ Վրաստանն ու Ադրբեջանը»,-նշել է Հովնանյանը, հաղորդում է ԱՀՀ-ն:





