Իրաքյան Մոսուլ քաղաքի մոտակայքում թուրքական զորախմբի տեղակայումից հետո Թուրքիայի և Իրաքի միջև առաջացած լարվածության ֆոնին Իրաքը որոշել է զգալիորեն կրճատել Թուրքիայից ներմուծվող ձեթի ծավալները:
Իրաքի կառավարությունն արդեն բանակցություններ է սկսել Հայաստանից ձեթ գնելու շուրջ, Haberler.com-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:
Թուրքական աղբյուրը, հղում անելով անգլիական Reuters լրատվական գործակալությանը, նշում է, որ Իրաքի առևտրի նախարարության խոսնակը հայտարարել է, որ երկրի կառավարությունը որոշել է կրճատել Թուրքիայից գնվող ձեթի ծավալը` լրացնելով այն այլ շուկաներից կատարվելիք գնումներով: Նախատեսվում է հիմնել նաև սեփական արտադրություն:
Թուրքական կայքը նշում է նաև, որ Իրաքի առևտրի նախարար Մուհամմեդ Ալ Սուդանին հանդիպում է ունեցել Բաղդադում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանի հետ և քննարկել Հայաստանից Իրաք ձեթի հնարավոր ներմուծման թեման:
Նշվում է, որ Բաղդադում Հայաստանի դեսպանատան աշխատողներից մեկը Reuters-ին տված հարցազրույցում հաստատել է դեսպանի և նախարարի հանդիպումը, սակայն քննարկված թեմաների վերաբերյալ մանրամասներ չի հաղորդել:
Վերջին 7 տարիներին Իրաքի ձեթի պահանջարկն ամբողջությամբ բավարարվում է Թուրքիայից ներմուծվող ձեթով:





