AM
12 Դեկտեմբեր 2006 - 12:28 AMT

Ամերիկացի սենատորները պնդում են Հայաստանում դեսապանի նոր թեկնածուի առաջադրումը

Սենատորներ Ռոբերտ Մենենդեզը եւ Գարի Րիդը կոչ են արել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին Հայաստանում դեսպանի պաշտոնում ԱՄՆ Սենատի կողմից «սառեցված» Ռիչարդ Հոգլանդի թեկնածության փոխարեն նոր թեկնածու առաջադրել, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA): 2006 թվականի դեկտեմբերի 1-ին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսին հղված նամակում, սենատորները Հայաստանում դեսպան նշանակելու գործընթացը արագացնելու համար առաջարկել են նոր թեկնածու ներկայացնել «այդքան կարեւոր պաշտոնի համար»: Սենատորի խոսքերով, ԱՄՆ հայ համայնքի ամուր դիրքորոշումը այս նշանակման դեմ ծառայում է Ամերիկայի ազգային շահերին:

«ԱՄՆ հայ համայնքը ողջունում է սենատորներ Մենեդեզի եւ Րիդի սկզբունքային դիրքորոշումը` ցեղասպանության ճանաչման, կանխարգելման եւ դատապարտման պարտավորությունների պաշտպանության հարցում: Սենատորները գիտակցում են պարզ ճշմարտությունը. Հայոց ցեղասպանության ժխտումը չի կարող արդյունավետ լինել ԱՄՆ շահերի պաշտպանության տեսանկյունից Հայաստանում. մի երկիր, որը Թուրքիայի կողմից դաժան տեղահանման եւ ոչնչացման է ենթարկվել»,- հայտարարել է ANCA-ի տնօրեն Կեն Խաչիկյանը:

Նշենք, որ հունվարին իր աշխատանքները կսկսի ԱՄՆ նոր Կոնգրեսը, որի մեծամասնությունը դեմոկրատներ են կազմում, որոնք դեմ են հանդես գալիս Հայոց ցեղասպանության մերժման Ջորջ Բուշի քաղաքականությանը: ԱՄՆ Սահմանադրության համաձայն, նախագահը կարող է նոր թեկնածություն ներկայացնել, կամ նորից առաջարկել Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը` օգտվելով Կոնգրեսի աշխատանքի ընդմիջումից, նշանակել Հայաստանի դեսպանին առանց Սենատի հաստատման: Այդ դեպքում սաենատորները վետոյի իրավունք չեն ունենա: