ԼՂՀ արտգործնախարարությունը տարակուսանք է հայտնում ԼՂՀ հանրաքվեի վերաբերյալ եվրոպական միջազգային կառույցների արձագանքի կապակցությամբ, որոնք իրենց հայտարարություններում փորձ են արել կասկածի տակ առնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավական դաշտում գտնվելու հնարավորության փաստը: Այդ մասին ասվում է ԼՂՀ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ: «Հանրաքվեն նոր փուլ է երկրի Հիմնական օրենքում ժողովրդավարական սկզբունքների ամրագրման եւ ընդհանուր առմամբ օրենսդրության զարգացման ճանապարհին եւ նրա նպատակն է խթան հանդիսանալ նոր ազատական սկզբուքների ձեւավորման եւ զարգացման համար պետական կառավարման ոլորտում, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության կայացման համար: Այս առիթով առնվազն տարօրինակ են ժողովրդավարության եւ օրենքի գերակայության վրա հիմնված եվրակառույցների փորձերը անտեսել եւ ժխտել Լեռնային Ղարաբաղում կատարվող ժողովրդավարական եւ օրինաստեղծ գործընթացները: Միեւնույն ժամանակ, նախարարությունը համոզվածություն է հայտնում, որ Սահմանադրության ընդունումը ոչ մի կերպ չի կարող խոչընդոտել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային միջնորդների կառուցողական փորձերին»,-ասվում է փաստաթղթում:
ԼՂՀ ԱԳՆ-ն համոզված է, որ սահմանադրական հանրաքվեն ԼՂՀ-ում չի կարող կանխորոշել ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո ընթացող հակամարտության կարգավորման շուրջ խորհրդատվությունների ելքը: Ավելին, հարց է առաջանում` արդյոք տարածքային ամբողջականության մասին Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչեցվող դիրքորոշումը, ինչպես նաեւ ԱՀ սահմանադրության մեջ ամրագրված ադրբեջանական պետության ունիտար լինելը այն գործոնները չեն, որ կանխորոշում եւ խախտում են խաղաղ գործընթացի տրամաբանությունը, որի հիմքում այլ սկզբունքների հետ մեկտեղ դրվել է նաեւ ինքնորոշման իրավունքը: ԼՂՀ արտգործնախարարությունը հույս է հայտնում, որ եվրակազմակերպությունները, ղեկավարվելով իրենց իսկ հիմնարար սկզբունքներով, կվերանայեն իրենց կանխակալ վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղում ընթացող ժողովրդավարական գործընթացների հանդեպ, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:





