AM
14 Դեկտեմբեր 2006 - 11:46 AMT

Հարավային Կովկասի երկրները շեշտը դնում են ոչ թե փոխզիջման, այլ էքսկլյուզիվ արտաքին աջակցության վրա

Փաստորեն, ոչ մի առաջընթաց չկա նոր որակի համակարգում հարավկովկասյան երկրները ներգրավելու վերաբերյալ տարածաշրջանի երկրների եւ համաշխարհային հանրության կողմից տարիներ շարունակ հռչակվող մտադրություններում: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է «Կովկաս» կենտրոնի վերլուծաբան Մանվել Սարգսյանը: «Այդ կապակցությամբ նկատելի են անհատական ակտիվացման փորձերը` Վրաստանը փորձում է հանգուցալուծել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ կտրուկ միջոցներով եւ ներգրավվել եվրոպական կառույցներում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը առաջ է քաշում Հայաստանի ամբողջական մեկուսացման ծրագիր, հույս ունենալով ստանալ միջազգային հանրության աջակցությունը: Հայաստանը փորձում է հավասարակշռել իր հարաբերությունները Արեւմուտքի եւ Ռուսաստանի հետ: Տարածաշրջանի երկրներից ոչ ոք չի հետաքրքրված հարեւաններով»,- նշել է նա:

Մ. Սարգսյանի խոսքերով, նման անհատական ակտիվացումն ուժեղացնում է տարածաշրջանի երկրների կախվածությունը այս կամ այն արտաքին գործոնից: «Արտաքին ուժերի շահերը գնալով ավելի են շփման մեջ մտնում տարածաշրջանի այս կամ այն երկրի հետ: Հակամարտող երկրների միջեւ փոխզիջումը գնալով բարդանում է: Ասենք, որքան շատ է Հայաստանի ղեկավարությունը խոսում լուրջ զիջումների գնալու իր պատրաստակամության մասին Լեռնային Ղարաբաղի հարցում, այնքան շատ է Ադրբեջանի ղեկավարությունը ուժեղացնում ռազմատենչ ճարտասանությունը: Ախորժակ է բացվում` արտաքին ուժերի միջոցով ստանալ ոչ թե մի մասը, այլ ամբողջը»,- ընդգծել է «Կովկաս» կենտրոնի վերլուծաբանը:

Միեւնույն ժամանակ, նա նկատել է, որ տարածաշրջանի երկրները իրական շեշտը դնում են ոչ թե փոխզիջման, այլ սեփական մտադրություններն իրականացնելու համար էքսկլյուզիվ արտաքին աջակցություն ստանալու վրա: «Նշված օրինակում Ադրբեջանի կողմից ռազմական ռեվանշի թեման գերազանցապես ընդգրկվում է անհրաժեշտ միջոցների առավել լայն շրջանակում, որ անհրաժեշտ են «տարածքները վերադարձնելու համար: Իլհամ Ալիեւը հոկտեմբերին հայտարարեց, թե բանակցային գործընթացի բացակայության դեպքում կքննարկի ցանկացած այլ տարբերակներ, սակայն ընդգծեց, որ «դա չի նշանակում, թե պետք է անմիջապես մտածել ռազմական գործողության մասին»: Այսինքն, առավել հստակ, քան նախկինում, նա նշեց, որ ռազմական գործողությունը վերջին քայլն է: Դրա համար ժամանակ է հարկավոր, որն, ըստ իրեն, Ադրբեջանի օգտին է աշխատում»,- ասել է Սարգսյանը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ