AM
14 Դեկտեմբեր 2006 - 12:10 AMT

Աբխազիայում հայերի եւ աբխազների միջեւ որեւէ տարաձայնություններ կամ բախումներ չկան

Ներկա դրությամբ Աբխազիայում ապրում է մոտ 60 հազար հայ. դա հանրապետությունում թվաքնակով երկրորդ ազգությունն է: Այդ մասին Երեւանում հայտարարել է Աբխազիայի հայ համայնքի համանախագահ, աբխազական խորհրդարանի պատգամավոր Գալուստ Տրապիզոնյանը: Նրա խոսքերով, հայերը բավականին ակտիվ են մասնակցում հանրապետության հասարակական կյանքին: «Խորհրդարանի 35 անդամներից մեզ մոտ 3-ը հայեր են, երեք հայ հանդիսանում են փոխնախարարներ, իսկ մեկը` պետստանդարտների նախարար է: Իհարկե, իշխանության կառույցներում ավելի շատ հայեր կարող էին լինել: 2007 թվականի մարտին կկայանան խորհրդարանական ընտրությունները, եւ մենք հուսով ենք ավելացնել հայ խորհրդարանականների թվաքանակը»,- նշել է Տրապիզոնյանը:

Ինչ վերաբերում է վրաց բնակչությանը, ապա, ըստ պատգամավորի, նրանք Աբխազիայում 45 հազար են կազմում եւ ապրում են Գալի շրջանում, Վրաստանի հետ սահմանի վրա: «Այս տարածաշրջանը գրեթե չի վերահսկվում, եւ մենք դեռ չգիտենք` ինչ է այնտեղ կատարվում: Ճիշտ է, այժմ Աբխազիայում ներքին օգտագործման անձնագրեր են սկսել տալ, որտեղ նշված կլինի քաղաքացիությունը: Անձնագրերը երեք լեզվով են լինելու` աբխազերեն, վրացերեն եւ ռուսերեն: Աբխազիայի բնակչության 92 տոկոսը ռուսական քաղաքացիություն ունի, սակայն նրանց մոտ ռուսական արտասահմանյան անձնագրեր են, եւ ոչ թե համառուսաստանյան: Գալի շրջանի վրացիները վրացական անձնագրեր ունեն: Եթե նրանք ցանկանան աբխազական քաղաքացիություն ընդունել, ոչ ոք նրանց չի խանգարի: Հիշեցնեմ, որ 1989 թվականի մարդահամարի տվյալներով Աբխազիայում ապրում էր 525 հազար մարդ, այժմ մնացել է 236 հազար».- ասել է Գալուստ Տրապիզոնյանը:

Հայկական համայնքի համանախագահը նաեւ ավելացրել է, որ հանրապետությունում 37 գործող հայկական դպրոց կա, որոնցում սովորում է 2800 երեխա: «Ռուսական դպրոցներում հայ աշակերտների թվաքանակը ավելի շատ է` 8400: Դա կապված է նրա հետ, որ հայ դպրոցն ավարտածները կարող են իրենց ուսումը շարունակել միայն Հայաստանում»,- ընդգծել է նա:

Խոսելով հայերի եւ աբխազների միջեւ զինված բախումների մասին պատերազմից հետո, Տրապիզոնյանը նշել է, որ նման բաները կատարվել են մինչեւ 1999 թվականը: «Այն ժամանակ մենք ստիպված էինք պաշտպանության տակ վերցնել հայկական գյուղերը վեց շրջաններում: Ճիշտ է, հետո իրավիճակը նորմալացավ, եւ պետությունն ինքը պաշտպանություն ապահովեց: Այժմ հայերի եւ աբխազների միջեւ բախումներ չեն լինում: Ի դեպ, Աբխազիայում ընդամենը յոթ շրջան է, այնպես որ հայերն իրոք մեծամասնություն են կազմում բնիկներից հետո»,- ասել է նա: