AM
15 Դեկտեմբեր 2006 - 10:32 AMT

Ամերիկացի մահմեդականների քաղաքական ակտիվությունն արագ աճում է

Աստիճանաբար իսլամը դառնում է ԱՄՆ-ի համար ոչ միայն արտաքին քաղաքականության, այլ նաեւ ներքին քաղաքականության խնդիր: Քիտ Էլիսոնը, ԱՄՆ Կոնգրես ընտրված առաջին մահմեդականը նոյեմբերի վերջին հայտարարեց, որ պաշտոնը ստանձնելիս կցանկանար երդում տալ ոչ թե Աստվածաշնչի, այլ Ղուրանի վրա: Ինչպես գրում է «Նեզավիսիմայա գազետան», ամերիկյան հասարակությունում դա թեժ վճերի առարկա է դարձել: Բանավեճը շարունակվում է մինչ այժմ, քանի որ կոնգրեսականները երդում են տալու միայն հունվարին: Էլիսոնի գաղափարի հակառակորդների տեսակետը բավականին համապարփակ է արտահայտել հայտնի հրապարակախոս Դենիս Պրեգերը: Ղուրանի վրա տված երդումն, ըստ նրա, «կխարխլի ամերիկյան քաղաքակրթության հիմքերը»: «Չես կարող երդվել Աստվածաշնչի վրա, մի աշխատիր Կոնգրեսում: Ոչինչ եւ երբեք չի խանգարել երդվել Աստվածաշնչի վրա հրեա կոնգրեսականներին, թեեւ նրանք չեն ընդունում Նոր Կտակարանը: Մորմոն կոնգրեսականները չեն երդվել «Մորմոնների գրքի» վրա, իսկ ոչ կրոնական մարդիկ` Վոլտերի ստեղծագործությունների ժողովածուի վրա»,-ընդգծել է Պրեգերը:

«Էլիսոնի ընտրվելու փաստն ինքնին որոշակի միտումների արտացոլում է, որի մասին գրում են ամերիկյան ԶԼՄ-ները: Ջորջթաունի համալսարանի սոցիոլոգների տվյալներով, ներկայումս ԱՄՆ-ում 1,5 մինչեւ 2 մլն մահմեդականներ են այցելում ընտրատարածքներ: Դեմոկրատական կուսակցության ակտիվիստները նշում են, որ իսլամի հետնորդների աջակցությունն է օգնել դեմոկրատ Ջեյմս Ուեբբին հաղթել Սենատում պաշտոն զբաղեցնելու համար ծավալված մրցավազքում: Մերիլենդի նահանգում տեղի Պատվիրակների պալատ էին առաջադրվել միանգամից ութ մահմեդականներ:

Ըստ ոչ պաշտոնական տվյալների, ԱՄՆ-ի մահմեդական համայնքը հասնում է 7 մլն մարդու: Քաղաքական ակտիվության աճը վերածում է այն էական ընտրական ռեսուրսի: Հետաքրքիր է, թե ով եւ ինչպես կօգտագործի այն երկու տարի անց` նախագահական քարոզարշավի ժամանակ»,-նշվում է հոդվածում: