AM
15 Դեկտեմբեր 2006 - 11:45 AMT

Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցությունը ԱԳԳԾ շրջանակներում լրացնում է ՀԱՊԿ-ին

ՀՀ կառավարության մի շարք բարձրաստիճան անդամների հայտարարություններից դատելով, Հայաստանը ՆԱՏՕ-ից չի վախենում: Այն, որ Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ անդամ, խոչընդոտ չի հանդիսանում: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է ՄՄՀՊԻ Կովկասյան հետազոտութոյւնների կենտրոնի ղեկավար Վլադիմիր Զախարովը: «ՀԱՊԿ կանոնադրությունը չի սահմանափակում այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը: Բացի այդ, մի շարք հարցերում ՀԱՊԿ-ը եւ ՆԱՏՕ-ն ընդհանուր խնդիրներ ունեն, այս երկու կառույցների, ինչպես նաեւ դրանց կազմում ընդգրկված առանձին պետությունների համագործակցությունը, լրացնում են միմյանց, ինչը Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության հավելյալ երաշխիքներ է տալիս»,- նշել է նա:

ՄՄՀՊԻ Կովկասյան հետազոտութոյւնների կենտրոնի ղեկավարի կարծիքով, Հայաստանի մասնակցությունը ԱԳԳԾ-ին ՆԱՏՕ-ի հետ պարբերական խորհրդատվությունն է ենթադրում` տարածաշրջանային անվտանգության, այդ անվտանգության ռազմավարության մշակման, Հայաստանի ռազմական ուսմունքի ստեղծման, պաշտպանական եւ բյուջետային ծրագրավորման գործընթացի կատարելագործման եւ այլ հարցերի շուրջ: «Գործերի տրամաբանությունից դատելով, համագործակցությունը ՀԱՊԿ-ի շրջանակներում եւ Ռուսաստանի հետ երկկողմանի ռազմական համագործակցությունը ամբողջությամբ չեն ապահովում Հայաստանի անվտանգությունը 21-րդ դարի մարտահրավերների ֆոնի վրա, եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ընդլայնումը ԱԳԳԾ շրջանակներում կլրացնի բացը»,- ընդգծել է Զախարովը: