Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, որը գտնվում է Հայաստանում տարածաշրջանային այցի շրջանակներում, դեկտեմբերի 17-ին Երեւանում հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: Հանդիպման ավարտից հետո, եվրոպացի դիվանագետը հայտարարել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է ԵՄ-ԼՂՀ հարաբերությունների հարցը: Նրա խոսքերով, ԵՄ-ն ձգտում է ամրապնդել կապերը Լեռնային Ղարաբաղի հետ, «ավելի ակտիվ մոտեցում դրսեւորել, ինչը եւս կաջակցի հակամարտության կարգավորմանը»: Նա տեղեկացրել է, որ ԵՄ-ն շփվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերի հետ: «Առանց միջազգային հանրության աջակցության եւ առանց հակամարտող կողմերի, այդ կողմերի քաղաքացիական հասարակությունների հետ շփման, հակամարտության կարագավորումը շատ բարդ կլիներ»,- գտնում է Պիտեր Սեմնեբին: Այս կապակցությամբ, լրագրողները խնդրել են նրան ճշտել, արդյոք իրականությանը պատկանում է տեղեկությունը այն մասին, թե նա մտադրվում էր այցելել Լեռնային Ղարաբաղ, սակայն չի կատարել այդ քայլը այնտեղ անցկացված Սահմանադրական հանրաքվեի պատճառով: Ի պատասխան` Սեմնեբին հայտարարեց, որ նա իրոք ցանկանում էր այցելել Ղարաբաղ, սակայն տարբեր պատճառներով չի այցելել, «պատճառներից մեկը կայանում է նրանում, որ իմ այցը հանրաքվեի անցկացման շրջանում կարող էր տարբեր կարգի մեկնաբանություն ստանալ»: «Սակայն դա չի նշանակում, որ ես չեմ պատրաստվում այցելել Ղարաբաղ: Շուտով ես պատրաստվում եմ անել դա»,- հայտնել է նա, ավելացնելով, որ շփումները Ղարաբաղյան կողմի հետ, ինչպես նաեւ այլ հակամարտող կողմերի հետ, անհրաժեշտ են ԵՄ համար:
Պատասխանելով տարածաշրջանի չճանաչված պետությունների համար առանձին ծրագիր ստեղծելու հեռանկարների վերաբերյալ հարցին, ինչպես Հարավային Կովկասի երկրների դեպքում «Նոր հարեւանության քաղաքականությունն է»` Սեմնեբին նշել է, որ, ամենայն հավանականությամբ, չճանաչվածների համար առանձին ծրագիր չի լինելու, սակայն «հետագայում հնարավոր է ԵՄ ծրագրի որոշ ասպետկների տեղափոխում նրանց վրա եւս», հայտնում է Regnum-ը:





