Մայրաքաղաք Դամասկոսից մոտ 700 կիլոմետր հեռու գտնվող՝ հայերով ու քրդերով բնակեցված սիրիական Ղամիշլի քաղաքում հունվարի 25-ին հզոր պայթյուն է որոտացել, որի հետևանքով վիրավորվել են հայազգի Մհեր Պողոսյանն ու Հակոբ Միրզոյանը։
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, պայթյունը տեղի էր ունեցել Մայամի պողոտայում գտնվող «Սթար» ճաշարանի հարևանությամբ։ Սիրիայի Ղամիշլիում խոշոր պայթյուն է տեղի ունեցել նաև 2015-ի դեկտեմբերի 30-ին: Վերջին տվյալներով՝ դրա հետևանքով 16 քաղաքացի է զոհվել, ևս 35-ը ծանր վիրավորվել են:
Ենթադրվում է, որ ահաբեկչությունը ուղղված է եղել հենց քրիստոնյաների դեմ, քանի որ, ըստ տեղեկությունների, պայթյունի պահին ռեստորանում Սուրբ Ծննդյան ընթրիք է նախատեսված եղել: Ականատեսներից մեկի վկայությամբ՝ ռեստորանի ուղղությամբ երկու պայուսակ է նետվել, որոնցից միայն մեկն է պայթել: Եթե երկու պայուսակների ռումբերն էլ պայթեին՝ զոհվածների թիվը կարող էր հասնել 100-ի:
Երկու տարի առաջ Երևան տեղափոխված Հարություն Արոն բարեկամներից է տեղեկացել ծննդավայրում տեղի ունեցած պայթյունի մասին:
«Համարվում է թե՛ քրիստոնյա թաղամաս, թե՛ հայկական թաղամաս: Հայերի քանակը այդ շրջանում շատ բարձր է: Պայթյունը տեղի է ունեցել հեծանիվի միջոցով, որը տարել են այդ կաֆեի կողքն են կանգնեցրել, դրա մեջ ինչ-որ պայթուցիկ նյութեր կային: Երեք հոգի մահացել է քրիստոնյաներ, երկու հոգին էլ հայերից են վիրավորվել», – ասել է Արոն, փոխանցու մէ «Ազատություն» ռադիոկայանը:
Նրա խոսքով, հայաբնակ այս քաղաքը երկրի համեմատաբար խաղաղ վայրերից է համարվում, սակայն վերջին շրջանում այստեղ հաճախ են ահաբեկչական գործողություններ ծավալվում:
«Քամիշլիում հայերի թիվը մոտավորապես 12 հազար էր, հիմա մնացել է մոտավորապես 4 հազար մարդ», տեղեկացրել է Արոն:
Մայդա Բակկալյանի փոխանցմամբ, Հալեպում ևս վիճակը շարունակում է անկայուն մնալ։ Ամեն օր հրթիռներ են որոտում։ Ձմեռվա սկզբում կառավարության կողմից բաժանված վառելանյութն արդեն վերջանում է, և բնակիչները ստիպված են օրական միայն 1-2 ժամով տունը ջեռուցել։ Կա նաև ջրամատակարարման խնդիր, որը մեղմելու համար, նրա խոսքով, կառավարության և ՄԱԿ-ի տրամադրած գումարներով այժմ բոլոր թաղամասերում ջրհորներ են փորվում:
Բակկալյանի փոխանցմամբ՝ շատերն են ցանկանում լքել պատերազմական երկիրը․ նրա տվյալներով, այս ամիս 500 հայ ընտանիքներ Կանադա են գաղթելու, իսկ ովքեր հնարավորություն չունեն, սպասում են, որ Հայաստանի կառավարությունը բոլոր հայերին անվճար տեղափոխի Հայաստան:
Հայաշատ Ղամիշլին համարվում է Սիրիային ամենաապահով շրաններից մեկը: Շրջանի ապահովությունը ստանձնել է քրդական YPK-ն, որը PKK-ի (Քրդական աշխատավոր կուսակցություն) սիրիական թևն է համարվում:
Կարդացեք նաև՝ Քրդական ջոկատներն ու հայերն ապահովում են Սիրիայի հայաշատ Ղամիշլիի անվտանգությունը





