AM
28 Հունվար 2016 - 10:19 AMT

Նորք Մարաշի հանցախմբի գործով 6-րդ մարդն է ազատ արձակվել

Հունվարի 28-ին չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ է արձակվել «Ռադիո Մարիամ»-ի Գյումրու մասնաճյուղի հիմնադիր հայր Անտոն ծայրագույն վարդապետ Թոթոնջյանը, ով 2015-ի նոյեմբերի 25-ից Երևանի Նորք-Մարաշ համայնքում զինված հանցախմբի անդամների հետ առնչություն ունենալու համար կալանավորվել էր:

71-ամյա հայր Անտոնի համար քաղաքից չբացակայելու մասին ստորագրությունն է ընտրվել որպես խափանման միջոց, գրում է «Ա1+»-ը:

Փաստաբան Լեւոն Բաղդասարյանը, ով ձերբակալման պահին ներկայացրել է Թոթոնջյանի շահերը, նշել է, որ նա չէր ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը եւ միայն ասել է, որ զենքը հայրենասիրական նպատակով է օգտագործվել եւ այն պետք է ուղարկվեր Սիրիա:

Օրեր առաջ փոխվել էր նաեւ այս գործով կալանավորված` «Ռադիո Մարիամ» լրագրողներից Լիլիթ Թորոսյանի խափանման միջոցը: Նա այն լրագրողն է, ով հարցազրույց է վերվրել խմբի «ղեկավար» Արթուր Վարդանյանից:

Նոյեմբերի 25-ին Նորք Մարաշում վնասազերծված զինված խմբավորման գործով կալանավորված Լիլիթ Թորոսյանն ազատ է արձակվել: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հանցախմբի գործով կալանավորված 22-ամյա Նելլի Մինասյանը նույնպես ազատ է արձակվել: Այս մասին տեղեկացրել է նրա պաշտպան Գիվի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Հունվարի 25-ին ազատ են արձակել նաև Սրբուհի Այվազյանը, Հայկ և Հրանտ Վարդանյանները, նրանց խափանման միջոց կալանքը նույնպես փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ:

2015-ի նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԱԾ մարմինների օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ ուներ ՀՀ տարածքում մի շարք ծանր հանցագործություններ կազմակերպել:

Խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամ, որոնք ձերբակալվել են:

Ըստ ԱԱԾ մամուլի ծառայության հաղորդագրությանը, իրացնելով օպերատիվ տվյալները, որ 1981 թվականին ծնված, 1997 թվականից Իսպանիայում բնակվող և 2015-ի ապրիլից Երևանում ժամանակավոր բնակություն հաստատած՝ ՀՀ քաղաքացի Արթուր Վալերիկի Վարդանյանը, ՀՀ-ում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով, 2015-ի ընթացքում ստեղծել և ղեկավարել է հանցավոր գործակցություն, դրանում հավաքագրելով հիմնականում չաշխատող ՀՀ 19 քաղաքացու, որից 5-ը՝ Երևանի բնակիչներ, 7-ը՝ Շիրակի մարզի, 3-ը՝ Արմավիրի մարզի, 2-ը՝ Լոռու մարզի, 1-ը՝ Կոտայքի մարզի, 1-ը՝ Գեղարքունիքի մարզի և 1-ը՝ Սյունիքի մարզի բնակիչներ, այդ թվում՝ 4-ը կանայք են և 3-ը՝ Արցախի ազատամարտի մասնակիցներ։

Դեկտեմբերի 19-ին ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ(1992-1999) Վահան Գրիգորի Շիրխանյանը: Նա կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր գործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օռենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով: