AM
8 Հունվար 2007 - 13:24 AMT

Անգելա Մերկել. Կոսովոյի բնակիչների` անկախանալու ցանկությունը պետք է կատարվի

Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ որոշումը պետք է բավարարի ինչպես էթնիկ ալբանացիներին, այնպես էլ պաշտանական Բելգրադին: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ZDF հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ շատ կարեւոր է, որպեսզի Կոսովոյի բնակիչների` անկախանալու ցանկությունը կատարվի: «Սակայն, դա չպետք է վատթարացնի Սերբիայի ներքին քաղաքական իրադրությունը եւ թուլացնի ժողովրդավարությունը»,- նշել է Մերկելը:

Հիշեցնենք, որ Կոսովոն, ըստ էության, հանդիսանում է Սերբիայի մաս, սակայն 1999 թվականից ի վեր` ՆԱՏՕ-ի ռազմական գործողության ավարտից հետո, տարածաշրջանը վերահսկվում է ՄԱԿ-ի աշխատակազմի կողմից: Ալբանցիները, ովքեր ներկայումս կազմում են Կոսովոյի բնակչության 90 տոկոսը, հուսով են, որ բանակցությունների արդյունքում լրիվ անկախություն կստանան Սերբիայից: Իսկ Բելգրադը պատրաստվում է պահպանել տարածաշրջանի վերահսկումը, որը սերբերը համարում են իրենց պատմական հայրենիքը, եւ հայտարարում է, որ պատրաստ է Կոսովոյին մաքսիմալ ինքնավարություն տրամադրել, հաղորդում է ՌԲԿ-ն: