AM
10 Հունվար 2007 - 09:59 AMT

Վտանգված է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի շահագործման անվտանգությունը

Արեւմտյան եւ վրացական փորձագետները կասկածի տակ են դնում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի բնապահպանական անվտանգությունը: «Կանաչ ալյանս» վրացական ոչ կառավարական կազմակերպության փորձագետները արծարծել են Վրաստանի տարածքով անցնող երկու խողովակաշարերի անվտանգության հարցը: Բնապահպանները գտնում են, որ խոսքը գազի եւ նավթի հնարավոր արտահոսքի մասին է, քանի որ խողովակների պաշտպանիչ շերտը քայքայվում է: Նրանց տվյալներով, 2003 թվականին պաշտպանիչ շերտն արդեն վնասված էր, որի պատճառով նավթամուղի շինարարությունը ձգձգվեց եւ 1 մլրդ դոլար ավելի պահանջվեց, քան ակնկալվում էր: Լուրջ անսարքություններ արձանագրվեցին նաեւ 2005 թ.:

«Կանաչ ալյանսը» անց է կացնում նավթամուղի դիտարկում 2002 թվականից ի վեր: Ըստ այդ կազմակերպության, շինարարության ընթացքում արդեն տեղադրված խողովակները բազմիցս հարկ է եղել հանել հողից վնասված պաշտպանիչ շերտի պատճառով: Նավթամուղն ու գազատարը առանձնակի վտանգ են ներկայացնում պահպանվող տարածքների համար, մասնավորապես, Բորժոմի հանգստավայրի շրջանում:

Հիշեցնենք, որ նավթամուղն արդեն հանձնվել է շահագործման, իսկ գազամուղի գործարկումը, որով վառելիքը ադրբեջանական Շախ-Դենիզ հանքավայրից Վրաստանի տարածքով կառաքվի Թուրքիա, տեխնիկական պատճառներով հետաձգվել է երեք ամսով, հաղորդում է ՌԲԿ-ն: