AM
10 Հունվար 2007 - 10:50 AMT

«Թուրք ազգին վիրավորելու» համար մեղադրանքների ալիքը հասավ նաեւ Թաներ Աքչամին

Թուրքիան պաշտոնական հետաքննություն է սկսել Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին թուրք գիտնականի` Թաներ Աքչամի դեմ, որին մեղադրում են «թուրք ազգին վիրավորանք հասցնելու» համար: Այդ մասին հաղորդում է The Armenian Reporter-ը, հղում անելով թուրքական «Ռադիկալ» թերթին: Թուրքական թերթի 2007 թվականի հունվարի 9-ի համարում հրապարակված հոդվածը հիշեցնում է, որ 2006 թվականի հոկտեմբերին հայ-թուրքական «Ագոս» թերթի հրապարակման մեջ Աքչամը քննադատությամբ հանդես եկավ «ցեղասպանություն» տերմինն օգտագործելու համար այդ թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի դեմ ընթացող դատավարության հասցեին: Հոդվածում Աքչամը կոչ արեց ընթերցողներին սատարել Դինքին: Հիշեցնենք, որ Թաներ Աքչամը «Խայտառակ գործողություն. Հայոց ցեղասպանությունը եւ թուրքական պատասխանատվության հարցը» գրքի հեղինակն է, որն ուշադրությունը սեւեռեց հեղինակի եւ Հայոց ցեղասպանության հարցի վրա: