Կոլումբիայի համալսարանի Հայկական ակումբը եւ «Advocates For Armenia» կազմակերպությունը Կոլումբիայի համալսարանի Հայկական կենտրոնի եւ Հայկական ընդհանուր բարեգործական միության աջակցությամբ փետրվարի 3-4 կազմակերպում են հայ ուսանողների գագաթնաժողով «Հայաստանի զարգացումը. Ուսանողների դերը» խորագրով: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել Համալսարանի Հայկական ակումբում, երկօրյա գագաթնաժողովի ընթացքում կքննարկվեն զարգացման եւ փոփոխությունների հարցերը տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության եւ առողջապահության ոլորտներում, ինչպես նաեւ ԱՄՆ-ում բնակվող հայ ուսանողների ներգրավման հարցը Հայաստանի զարգացման գործընթացում: Բացի այդ, գագթնաժողովի մասնակիցները ծրագրում են մշակել մի նախագիծ, ուղղված Հայաստանի բնակչության կենսական պայմանների բարելավմանը, ինչը կլինի իրենց ներդրումը հանրապետության տնտեսական եւ սոցիալական զարգացման գործում:





