Սերբիայի արտգործնախարար Վուկ Դրաշկովիչը քննադատել է սպառզինության վաճառքը Հայաստանին: Ըստ Դրաշկովիչի, նախագահ Տադիչի քայլերն այդ ուղղությամբ հակասում են վարչապետ Վոիսլավ Կոշտունիցայի կարծիքին: «Զենքի վաճառքը Հայաստանին Սերբիայի կառավարության գործն է: Մենք միայն կարող ենք քաղաքական գնահատական տալ, սակայն այդ գնահատականը ոչինչ չի փոխի: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ԵԱՀԿ-ն վերջնականապես էմբարգո է դրել Հայաստանին եւ Ադրբեջանին զենք մատակարարելու վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով: Կա նաեւ ՄԱԿ-ի ԱԽ 8153 բանաձեւը, որը նախազգուշացնում է երկրներին զենքի ցանկացած առաքումներից դեպի Հայաստան եւ Ադրբեջան»,-նշել է Սերբիայի ԱԳՆ ղեկավարը: Նա նաեւ հիշեցրել է ԱՄՆ կառավարության այն որոշման մասին, ըստ որի դադարեցվում է համագործակցությունն այն երկրների հետ, որոնք խախտում են էմբարգոն: «Կրագուեվացում գտնվող սպառազինության գործարանը տարեկան 20 մլն դոլարի եկամուտ ունի ԱՄՆ իրականացվող առաքումներից: Ուստի մենք մեծ ռիսկի ենք դիմում, փոխարինելով դա այն 2 մլն դոլարով, որ կստանանք Հայաստանից: Մյուս կողմից, ես կարծում եմ, որ պետությունը պետք է փոխհատուցի ռազմարդյունաբերողների կորուստները»,-ասել է Դրաշկովիչը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ եթե նախագահ Տադիչն այնուամենայնիվ դիմի այդ քայլին, Սերբիան ստիպված կլինի երկար բացատրել ԵԱՀԿ-ին եւ ՄԱԿ-ին, թե ինչու է երկիրը խախտել էմբարգոն եւ ՄԱԿ-ի բանաձեւը, գրում է Բելգրադի Vecernje novosti թերթը:
Մինչդեռ, նշենք, որ Հայաստանի պաշտոնյաները չեն հաստատում Սերբիայի կողմից զենք վաճառելու վերաբերյալ տեղեկությունները:





