AM
11 Հունվար 2007 - 10:19 AMT

Ղարաբաղում հրդեհների վերաբերյալ զեկույցը փոխանցվել է ԵԱՀԿ եւ ՄԱԿ-ի բոլոր երկրներին

Լեռնային Ղարաբաղում եւ մերձակա տարածքներում հրդեհների վերաբերյալ բնապահպանական փաստահավաք առաքելության զեկույցը փոխանցվել է ԵԱՀԿ նախագահին: Այդ մասին հաղորդել է տնտեսության եւ բնապահպանության հարցերով ԵԱՀԿ համակարգորղ Բերնար Սնոուն, որը գլխավորում էր այդ տարածքներում դիտարկում անցկացնող պատվիրակությունը: Նա նշել է, որ փոխանցել է զեկույցը ԵԱՀԿ նախկին ղեկավար, Բելգիայի արտոգործնախարար Կարել դե Գուխտին անցյալ տարվա նոյեմբերի 28-ին: Նոյեմբերի 29-ին ԵԱՀԿ-ում Բելգիայի մշտական ներկայացուցիչ եւ ԵԱՀԿ Մշտական Խորհրդի ղեկավար, դեսպան Բերտրան դը Կրոմբրուգգը փոխանցել է այն ԵԱՀԿ անդամ բոլոր երկրների պատվիրակությունների ղեկավարներին:
Բ.Սնոուն հաղորդել է նաեւ, որ Կարել դե Գուխտը զեկույցը ներկայացրել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Քոֆի Անանին 2006 թվականի դեկտեմբերի 19-ին, խնդրելով տարածել այն ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի անդամ երկրների միջեւ, հաղորդում է «Թրենդը»: