ԱՄՆ հայկական լոբբին մտադիր է մինչեւ հունվարի 15-ը Ներկայացուցիչների պալատ ներկայացնել մի բանաձեւ-կոչ, ուղղված Ջորջ Բուշին` «ցեղասպանության» բառի կիրառման վերաբերյալ: Այդ մասին հինգշաբթի լրագրողներին է հայտարարել «Հայ Դատի» Կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, նախագահ Բուշին դիմելու մեծ հնարավորություն է բացվում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի միջոցով: Մանոյանը տեղեկացրել է, որ 2005 թվականից ի վեր ԱՄՆ հայկական լոբբին կիրառում է նախագահին դիմելու այդ ձեւը:
Ընդ որում նա ճիշտ քայլ է համարում Հայոց ցեղասպանության հարցի ընդգրկումը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում: «Եթե մենք հանենք այդ հարցը արտաքին քաղաքականության օրակարգից, դրանով իսկ կնվազեցնենք Թուրքիայի վրա ճնշում գործադրելու հնարավորությունները: 1991-98 թթ. փորձը ցույց է տալիս, որ երբ Ցեղասպանության հարցը չկար պաշտոնական Երեւանի օրակարգում, Թուրքիան իրականացրեց Հայաստանի շրջափակումը»,-եզրակացրեց նա, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:





