Գերմանական «Die Linke» կոմունիստական կուսակցությունը խստորեն դատապարտել է իր անդամներից մեկին` Հակկի Կեսկինին Հայոց ցեղասպանությունը մերժելու համար: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել Եվրոպայի հայկական դաշնությունում (EAFJD), մեկնաբանելով Կեսկինի հայտարարությունները, որը Գերմանիայի Կենտրոնական թուրքական խորհրդի նախկին նախագահն է, «Die Linke» կուսակցության առաջնորդներ Օսկար Լաֆոնտենը եւ Գրիգոր Գիզին, «Die Linke»-ի որպես մարդու իրավունքներն հարգող կուսակցության իմիջը վերականգնելու նպատակով հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ «հայ ժողովրդի զանգվածային ոչնչացումը Օսմանայան կայսրությունում վիճարկման ենթակա հարց չէ»: Փաստաթղթում հիշեցվում է նաեւ, որ այս հարցի վերաբերյալ կուսակցության դիրքորոշումը հիմնված է 2005 թվականին Բունդեսթագի կողմից ընդունված բանաձեւի վրա: Չնայած նման դիրքորոշմանը Հայոց ցեղասպանության հարցում, Հակկի Կեսկինը ավելի վաղ հայտարարել էր, որ շարունակում է ժխտել «մարդկության դեմ այդ հանցագործությունը»: Նա, ինչպես եւ «Die Linke»-ի փոխնախագահ Բոդո Ռամելոուն, հայտարարել էր, որ մինչ Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկումներ սկսելը, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել «թուրք ժողովրդի կրած տառապանքների վրա Առաջին աշխարհամարտի տարիներին»: «Եվրոայի հայկական դաշինքը երախտապարտ է «Die Linke» կուսակցությանն այն բանի համար, որ վերջինս որդեգրել է Գերմանիայի քաղաքական կուսակցությունների շրջանում իշխող` Հայոց ցեղասպանությունը դատապարտող դիրքորոշում: Մենք մտահոգված ենք Հայոց ցեղասպանությունն ուրացող մարդկանց շրջանում շատ տարածված փորձերով` հավասարեցնել Առաջին աշխարհամարտին ժողովրդների, այդ թվում նաեւ թուրք ժողովրդի տարած տառապանքները հայ ժողովրդի վայրագ, սիստեմատիկ ոչնչացմանը»,-հայտարարել է EAFJD գործադիր տնօրեն Լորեն Լեյլեքյանը:





