AM
16 Հունվար 2007 - 09:41 AMT

Դալայ-լաման Ցեղասպանության մասին. Հակամարտությունների կարգավորման լավագույն միջոցը երկխոսությունն է հաշտեցման ոգով

«Ընդհանուր առմամբ, ի տարբերություն անցյալի, ժամանակակից աշխարհը այս կամ այն կերպ ճանաչում է առանձին վերցրած ընկերակցության, այդ թվում բնիկ ժողովրդների իրենց ազգային եւ մշակութային ինքնությունը պահպանելու իրավունքը»,-հայտարարել է Դալայ-լաման` խոսելով Հայոց ցեղասպանության մասին եւ պատասխանելով այն հարցին, թե արդյոք պատմության այդ փաստի ճանաչումն ու դատապարտումն անհրաժեշտ պայման չէ մարդկության հետագա զարգացման համար: Նրա խոսքերով, Հայաստանը բավականին մեծ երկիր է, մեծ հանրություն հին պատմությամբ: «Անկասկած, դուք իրավունք ունեք պահպանելու ձեր ազգային ինքնությունը, ձեր մշակույթը: Ինչ վերաբերում է անցյալում տարած ձեր տառապանքներին…Այսօրվա դրությամբ հակամարտությունների, այդ թվում այն հակամարտությունների, որոնք անցյալում թույլ տված սխալների հետեւանք են, կարգավորման լավագույն միջոցը երկխոսությունն է հաշտեցման ոգով: Եվ այստեղ առանձնահատուկ նշանակություն է ստանում ներելու կարողությունը: Ներելու կարողությունը չի նշանակում անցյալի մոռացություն: Հիշեք ձեր տառապանքների մասին, թող մյուսները եւս իմանան դրանց մասին, սակայն միեւնույն ժամանակ չարություն մի պահեք ձեր սրտերում: Շատ ավելի նպատակահարմար է փորձել նոր իրողությունների լույսի ներքո մշակել փոխադարձաբար ընդունելի լուծում»,-հայտարարել է Դալայ-լաման, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն: