AM
18 Հունվար 2007 - 09:43 AMT

Եվս մեկ ամերիկացի սենատոր կոչ է արել Բուշին ետ կանչել Հոգլանդի թեկնածությունը

Սենատոր Չարլզ Շումերը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին` կոչ անելով ետ կանչել Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):

«Մենք ողջունում ենք սենատոր Շումերին իր սկզբունքային դիրքորոշման համար` Երեւանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Հոգլանդի թեկնածության դեմ»,-հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

ԱՄՆ նախագահին հղված հունվարի 17-ի իր նամակում Շումերը նշում է, որ «դեսպանի պաշտոնում մի մարդու թեկնածության պնդումը, որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը, կխաթարի դիվանագիտական հարաբերությունները ԱՄՆ -ի եւ Հայաստանի միջեւ եւ վիրավորանք կհասցնի ԱՄՆ հայ համայնքին: Հայոց ցեղասպանությունն այյն հարցը չէ, որը կարելի է հետաձգել: Այն, որ Հոգլանդը չի ցանկանում Հայոց ցեղասպանությունն անվանել XX դարի առաջին ցեղասպանություն, փաստերի խեղաթյուրում է, որը հիմք է տալիս ենթադրել, որ նա համակարծիք կլինի Ցեղասպանության ուրացման դիրքորոշման հետ, որը վարչակազմը որդեգրել է ելնելով քաղաքական նկատառումներից»,-ասվում է նամակում:

Ըստ Շումերի, արդարությունը վերականգնելու համար անհրաժեշտ է ճանաչել պատմության փաստերը, այսինքն` այն, որ «Օսմանյան Թուրքիայի գործողությունները հայերի հանդեպ Ցեղասպանություն է»:

Հավելենք, որ սենատոր Չ.Շումերը այդպիսով միացել է սենատորենր Ռոբերտ Մենենդեսին եւ Հարրի Ռիդին, որոնք կրկին անգամ արգելափակեցին Հոգլանդի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար: