«Շատ կարեւոր է, որպեսզի ԱՄՆ կառավարությունը դեսպան ուղարկի Հայաստան: Երկկողմանի սերտ հարաբերությունները կախված են բարձրագույն դիվանագիտական մակարդակով շփումների եւ խորհրդատվությունների ապահովումից»,- ասվում է Ամերիկայի Հայկական Համագումարի հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նաեւ նշվում է. «Հայաստանի եւ ԱՄՆ հարաբերությունները պետք է զարգանան եւ ամրապնդվեն, ինչը չի կարող լինել առանց Երեւանում ԱՄՆ դեսպանի ներկայության: Հաշվի առնելով ժողովրդավարության առաջընթացը Հայաստանում եւ առաջիկա ընտրությունները երկրում` ԱՄՆ դեսպանը կարող է կարեւոր դերակատարություն ունենալ Հայաստանի ժողովրդավարական գործընթացում եւ ազատ ու արդար ընտրությունների ապահովման հարցում: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը առաջնային խնդիր է ողջ հայության համար: Սակայն հայ-ամերիկյան հարաբերությունները միայն այդ հարցի վրա չեն հիմնվում:
Ի տարբերություն Թուրքիայի, ամերիկյան աշխատակազմը պարզ հայտարարում է, որ չի ժխտում Հայոց ցեղասպանությունը: Ամերիկայի Հայկական Համագումարը չի հավատում, որ Ռիչարդ Հոգլանդը մերժում է Հայոց ցեղասպանությունը: Այնումաենայնիվ, նախագահի` ապրիլի 24-ի ամենամյա խոսքի մեջ Բուշի աշխատակազմը չի ցանկանում 1915 թվականի իրադարձությունները որակել որպես «ցեղասպանություն»:
Ամերիկայի Հայկական համագումարը վստահ է, որ Ամերիկայի հայկական համայնքի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող ԱՄՆ քաղաքականութան հետեւողական մշակումը վերջին հաշվով միակ ճիշտ ռազմավարությունն է հանդիսանում: Համագումարը համոզված է Երեւանում ԱՄՆ դեսպանի նշանակման անհրաժեշտության մեջ եւ Վաշինգթոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մեջ: Սակայն ամերիկացի դիվանագետները կկարողանան խոսել Հայոց ցեղասպանության մասին երկրի կառավարության կողմից դրա ճանաչումից հետո: Ամերիկայի Հայկական Համագումարը կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսին եւ նախագահին ճանաչել պատմական ճշմարտությունը եւ ազատորեն որակել 1915 թվականի հանցագործությունը` որպես Ցեղասպանություն:





