AM
18 Հունվար 2007 - 12:59 AMT

«Նեզավիսիմայա գազետա». Օսկանյան-Մամեդյարով հանդիպման հետ լուրջ հույսեր կապել չարժի

Հունվարի 23-ին Մոսկվայում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Ինչպես գրում է «Նեզավիսիմայա գազետա» թերթը, Եվրամիությունը հույսեր է կապում հանդիպման արդյունավետության հետ: «Մենք սպասում ենք երկու երկրների արտգործնախարարների մոսկովյան հանդիպամ դրական ավարտի»,- մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Պեր Ստանկինան: ԵՄ-ում նախագահող երկրի դեսպանորդը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուրջ խնդիր է հանդիսանում Ադրբեջանի համար, ինչի կապակցությամբ դա նշվել է ինչպես Եվրոպական հարեւանության քաղաքկանության շրջանակներում Գործողությունների ծրագրում, այնպես էլ Ռազմավարական էներգետիկ համագործակցության փոխըմբռման վերաբերյալ հուշագրի մեջ: «Սակայն հակամարտությունը կարող են կարգավորել միայն իրենք` կողմերը»,- ընդգծել է Պեր Ստանկինան:

«ՆԳ»-ն նաեւ ընդգծել է, որ լճացումից բանակցությունների դուրս բերման մասին խոսում են նաեւ Երեւանում: «Մեր քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում անփոփոխ է մնում. պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ պետք է օգտագործվի ԼՂ բնակչության ինքնորոշման իրավունքի սկզբունքը»,- օրերս մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է հայ նախարարը:

«Հարցի նկատմամբ Բաքվի եւ Երեւանի մոտեցումների նմանության հիմնական հակասությունը, որ կապված է Լեռնային Ղարբաղի կարգավիճակի հետ, դժվար թե հաղթահարվի. Բաքուն պատրաստ է Լեռնային Ղարաբաղը դիտարկել միայն որպես ադրբեջանական պետության մի մաս, այն սեպքում, երբ Երեւանը արմատապես չի ընդունում նման բան: Եւ չնայած Վարդան Օսկանյանը հայտնեց, որ բանակցությունների սեղանին հետաքրքիր առաջարկ կա եւ քաղաքական կամքի դրսեւորման դեպքում կարելի է առաջխաղացում արձանագրել հակամարտության կարգավորման մեջ, առաջխաղացման լուրջ հույսեր ունենալ չարժի»,- նշվում է հոդվածում: