AM
20 Փետրվար 2016 - 09:33 AMT

Իրանի խորհրդարանական ընտրություններին 8 հայ կմասնակցի

Փետրվարի 26-ին կայանալիք Իրանի Իսլամական Հանրապետության 10-րդ շրջանի Մեջլիսի ընտրություններին իրենց թեկնածություններն են առաջադրել են 8 հայ. Կարեն Խանլարյան, Իվետ Դանիելյան, Ալբերտ Պողոսյան, Արփի Թահմազյան, Անդրանիկ Սիմոնյան, Վրեժ Տեր Մարտիրոսյան, Արմոնդ Բաղրամյան, գրում է Horizonweekly-ն:

Ընտրություններին մասնակցելու իրավունք է ստացել 6 հազար 230 թեկնածու, որոնք կպայքարեն խորհրդարանի 290 մանդատի համար:Հիմնական պայքարը կընթանա պահպանողական և բարեփոխական թևերը ներկայացնող կուսակցությունների և դաշինքների միջև, գրում է Panorama.am-ը:

ԻԻՀ Սահմանադրության համաձայն՝ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած բոլոր թեկնածուները չեն, որ կարող են մասնակցել քարոզարշավին, նրանց թեկնածությունը դեռ պետք է հաստատվեր Սահմանադրության պահապան խորհրդի կողմից (Շոուրայե նեգաբան):

Պետք է նշել, որ Պահապան խորհրդի կայացրած որոշման արդյունքում շահեկան դիրքում են հայտնվել պահպանողականները, քանի որ մեկնարկած քարոզարշավի ընթացքում 70 բարեփոխական թեկնածուները ստիպված կլինեն պայքարել շուրջ 3000 պահպանողականների դեմ: Բանիմացների ժողովի ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած 795 թեկնածուներից միայն 161 անձ է արժանացել Պահապան խորհրդի հավանությանը:

Հավանության արժանացած թեկնածուների թվում են՝ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, ԻԻՀ նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին, տեղեկատվության նախկին նախարար Մահմուդ Ալավին, Պահապան խորհդի քարտուղար այաթոլլահ Ահմադ Ջանաթին, Արևելյան Ատրպատական նահանգում ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլահ Մոջթահեդ Շաբեսթարին և այլն:

Իրանի Մեջլիսը քաղաքական դաշտում հավասարակշռություն պահող կարևոր և ազդեցիկ ինստիտուտ է, հետևաբար Մեջլիսի ընտրությունների արդյունքները բացի ներքաղաքական կյանքից՝ կարևոր ազդեցություն կունենան նաև արտաքին քաղաքականության, մասնավորապես Արևմուտքի հետ քաղաքական հարաբերությունների վրա: